Ադրբեջանը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափմանը. ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքի մասին, որի արդյունքում դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

ԱԳՆ-ն նշել է, թե հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշվված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը:

«Միաժամանակ Ադրբեջանը հայտարարում է Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը», - ասված է հաղորդագրությունում:

ԱԳՆ-ն նշում է, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակորեն արտահայտվել է վարչապետի կողմից հուլիսի 23-ին կառավարության նիստին: «Ադրբեջանը հրապարակայնորեն պետք է հրաժարվի ուժի կիրառումից, ետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համար», - նշված է ԱԳՆ հայտարարությունում: