ՀՎԿԱԿ-ի Լոռու մասնաճյուղի տնօրեն. Մարզում օրեցօր նվազում են կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը

«Լոռու մարզում օրեցօր նվազում են կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը, բայց դեռևս վաղ է արձանագրել, թե վիճակը կայունացել է», - ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը։

Նրա հաշվարկներով, մինչև օրս թեստերի 48 տոկոսը դրական են եղել, մինչդեռ երեկ Լոռու և Տավուշի մարզերում կատարված 61 նմուշառումից միայն 17-ն է դրական արդյունք ունեցել՝ մոտ 30 տոկոսը։ Ընդ որում, եթե հունիսին և հուլիսի սկզբին օրական մինչև 170 թեստ էին իրականացնում, ապա այսօր հիվանդության ցուցումներ ունեցողների թիվը 2,5 անգամ նվազել է. – «Մարտին ընդամենը ունեինք 3 դեպք, ապրիլին` 29, մայիսին` արդեն 56, հունիսին` 464: Արդեն իսկ երևում է, որ մեզ մոտ հունիսին սկսեց ակտիվացումը»:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղը թեստավորում է Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին։ Կենտրոնի տնօրեն Անժելա Հովհաննիսյանն ասում է՝ Տավուշում անհամեմատ քիչ են գրանցվում դեպքերը։ Դրական արդյունքով թեստերի 70 տոկոսն արձանագրվել է Վանաձորում։ Միայն «Գլորիա» կարի ֆաբրիկայում հունիսի արձանագրվել է 381 դեպք. – «Բացի դա, ունեցանք զինմասից, «Լոռի» ֆուտբոլի թիմը հետազոտեցինք, և 22 հոգի դրական արդյունք ստացանք: Եվ դա բավականին մեծացրեց մեր թվերը: Հիմնականում «Գլորիա» կարի ֆաբրիկայի հետ էր կապված, որ աշխատակիցները հիվանդացան, ու դրա հետ կապված նրանց կոնտակտները»:

Մինչև այսօր Լոռու մարզում հաստատվել է Քովիդի 1475 դեպք։ Հիվանդների 70 տոկոսն արդեն առողջացել է։ Այս պահին բուժվող 446 հիվանդներից 79-ն են հոսպիտալացված։ Մյուսները թեթև ախտանշաններով տանն են բուժվում։

Անժելա Հովհաննսյանն ասում է, որ շատերի հիվանդությունը թեթև ընթացք է ունենում, բայց հաճախ մասնագետների համար զարմանալի անակնկալներ լինում են. – «Կան հիվանդներ, որոնք շատ հեշտությամբ են հաղթահարում, և, ի զարմանս ինձ, ունեցել ենք ուռուցքով հիվանդներ, որոնք ավելի լավ են հաղթահարել: Եվ երիտասարդի մահ ենք ունեցել, որ չի կարողացել հաղթահարել: Շատ բազմաբնույթ, բազմատեսակ հիվանդություն է...»

Այս պահին մարզի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար գործում են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցն ու Սպիտակի բժշկական կենտրոնը։ Երկուսն էլ ծանրաբեռնված չեն և ազատ տեղեր ունեն:

Անժելա Հովհաննիսյանն ասում է, որ չնայած դեռ վիրուսին մատների արանքով նայողներ կան, բայց մարզում հակահամաճարակային կանոնների պահպանման առումով զգալի առաջնթաց կա. – «Բավականին փոխվել է, 80 տոկոսով փոխվել են մարդիկ: Բայց կան մարդիկ, ովքեր ասում են` սուտ բան ա... Պարզապես դիմակը դնում են ոստիկանության համար»: