Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին հորդորում է «ազատվել ավելորդ կիլոգրամներից»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, լոնդոն, 8 հուլիսի, 2020թ.

Մեծ Բրիտանիայի 56-ամյա վարչապետ Բորիս Ջոնսոնը հայրենակիցներին հորդորում է մարզանք անել և առողջ ապրելակերպի միջոցով ազատվել ավելորդ քաշից:

Բրիտանացի բժիշկները նշում են, որ Թագավորությունում վերջին տասնամյակների ընթացքում շեշտակի ավելանում է ավելորդ քաշով մարդկանց թիվը:

Կառավարության որոշմամբ, Բրիտանիայում որոշ ժամերին արգելելու են վնասակար սնունդի գովազդը:

«Ես միշտ ցանկացել եմ նիհարել, ինչպեսև շատ մարդիկ, պայքարել եմ դրա համար, քաշս մերթ իջել է, մերթ բարձրացել, բայց կորոնավիրուսից բուժվելուց հետո ես լրջորեն եմ զբաղվում դրանով և արդեն վեց կիլո կորցրել եմ»,- ասել է վարչապետը:

Բրիտանացի մասնագետներն ընդգծում են, որ գիրացած մարդիկ ավելի ծանր են տանում կորոնավիրուսային հիվանդությունը:

Ուշագրավ է, որ կորոնավիրուսով հիվանդանալուց առաջ Ջոնսոնը ժամանակ առ ժամանակ նկատել է տվել, թե կառավարությունը չպետք է քննարկի դիետաների և առողջ ապրելակերպի թեմաները: