«Սուրբ Սոֆիան պետք է մնա որպես համայն մարդկության ժառանգություն»

Թուրք հավատացյալների նամազը Այա Սոֆիայի մոտ, Ստամբուլ, 24 հուլիսի, 2020թ.

Իսպանիայի արտաքին գործոց նախարար Արանչա Գոնսալեսն ասել է, որ Թուրքիայի իշխանության որոշմամբ մզկիթի վերածված Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է պահպանվի որպես համայն մարդկության կարևոր ժառանգություն:

Այդ մասին նա ասել է Անկարայում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում:

«Մենք խոսել ենք Սուրբ Սոֆիայի մասին, Իսպանիայի ցանկությունն է, որ այն մնա մարդկության միացյալ ժառանգություն, որը կիսելու են մահմեդականները, ուղղափառները և կաթոլիկները, ուրախ էի լսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնները պահպանելու մասին թուրքական կողմի հավաստիացումերը»,- ասել է Իսպանիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն, իր հերթին, դատապարտել է հակաթուրքական ցույցերը Հունաստանում:

«Նրանք Թուրքիայի դրոշն են այրում, մենք՝ հատկապես Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, միշտ հարգանքով ենք վերաբերվել Հունաստանի դրոշին, նույնիսկ երբ անկախության համար պատերազմում հույներին ծովն ենք շպրտել, դա ենք մենք, իսկ նրանք անում են այն, ինչ իրենց է հարմար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Սուրբ Սոֆիան բյուզանդական եկեղեցի էր: Երբ 1453 թվականին օսմանները գրավել են Կոստանդնուպոլիսը, սուլթան Մեհմեթի կարգադրությամբ այն դարձրել են մզկիթ:

1934 թվականին աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի առաջարկով Սուրբ (Այա) Սոֆիային տրվել է թանգարանի կարգավիճակ:

Շաբաթներ առաջ Անկարան տաճարը նորից դարձրել է մզկիթ, ինչը խստորեն քննադատել են Հունաստանը, Կիպրոսը և քրիստոնյա մի շարք այլ երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ: