Ֆրանսիական մամուլն արձագանքում է հայ-ադրբեջանական բախումներին

Հայ զինծառայողը հերթապահություն է իրականացնում սահմանագծում, արխիվ

Ֆրանսիական և ֆրանսահայ մամուլը լայնորեն արձագանքում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանում հուլիսի կեսերին տեղի ունեցած բախումներին:

Liberation օրաթերթը անդրադարձել է հայերի և ադրբեջանցիների միջև լարվածության սաստկացմանը, որն ինչպես գրել է թերթնը, տեղափոխվել է Ռուսաստան և ավարտվել է Մոսկվայում ծիրանի վաճառքի միջադեպով:

«Ծիրանով բեռնված հայկական բեռնատարների մուտքը Food City առևտրի կենտրոն արգելվելը կարող էր անցնել աննկատ, սակայն կենտրոնը գտնվում է երկու ադրբեջանցիների հսկողության տակ», - գրում է օրաթերթը՝ պատահականություն չհամարելով նաև, որ այդ միջադեպը տեղի է ունենում այն պահին, երբ բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին:

«Կովկասի աշխարհաքաղաքական իրականությունն իր արձագանքն է գտել ծիրանի շուկայական պատմության մեջ», - նշել է Liberation-ը՝ նկատելով, որ ծիրանը հայկական-ազգային միրգ է:

Կովկասի վերջին իրադարձությանը նվիրված հոդվածը Le Monde օրաթերթը վերնագրել է՝ «Հայաստանի և ադրբեջանի միջև վտանգը միշտ առկա է»:

«Երևանը մեղադրում է Բաքվին իր սահմանների վրա հարձակում գործելու մեջ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղում, և այդ հանգամանքը լայնածավալ հակամարտության վախ է առաջացնում», - գրել է թերթը՝ ավելացնելով, թե Ղարաբաղի անվերջանալի պատերազմը, որն իրար դեմ է հանել նախկին խորհրդային երկու հանրապետությունների, լարվածության սաստկացման դեպքում սպառնում է բռնկվել ողջ Կովկասում:

Figaro-ն հուլիսի 22-ին իր կայքէջում անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությանն՝ ուղղված Հայաստանին և Ադրբեջանին՝ իրադրության անմիջական և ամբողջական հանդարտեցման և բանակցություններին վերադառնալու պահանջով:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու համար Եվորպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանն իր ամբողջական նեցուկը բերելու մասին», - գրել է Figaro-ն:

Եթե Մամուլն իր մեկնաբանություններում չեզոք է մնում, ապա պետք է ասել, որ Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները անցած օրերին հրապարակել են մի հաղորդագրություն, որի մեջ ուղղակիորեն դատապարտել են Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակման համար:

Հաղորդագրությունում պատգամավորները նաև դատապարտել էին Թուրքիային՝ նշելով, թե նրա ներգրավումը Հարավային Կովկասում մի նոր վտանգ է տարածաշրջանի համար: Նրանք կոչ են արել Ֆրանսիայի կառավարությանը անհապաղ դիմել իրավիճակից բխող քաղաքական միջոցառումների:

Ինչ վերաբերում է ֆրանսահայ մամուլին, ապա վերջինիս անհանգստացնում են Անկարայի ստանձնած դիրքորոշումները և հայտարարությունները:

«Նոր Հառաչ» թերթին անհանգստացնում է Կովկասում ստեղծված նոր իրավիճակը և դրա ունենալիք հետևանքները Արցախի բանակցությունների վրա: Այդ մասին թերթը գրել է՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ, Արցախի միջազգային ճանաչման նոր պայմաններ» վերնագրով հոդվածը: