Գյումրիի դրամատիկական թատրոնը գալիք աշնանը նոր ներկայացմամբ իր 155-րդ թատերաշրջանն էր բացելու: Սակայն կորոնավիրուսի պատճառով ամեն ինչ դադարեցված է, ասում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:
«155-րդ թատերաշրջանն ենք սեպտեմբերին բացում մենք, և էդ ընթացքում նաև Վարդան Աճեմյանի 115-ամյակն էր, մենք պատրաստում էինք ներկայացում, որը նվիրելու էինք հենց Վարդան Աճեմյանին՝ դա լինելու էր Շիլլերի «Սեր և խարդավանք»-ը, որի աշխատանքները մենք սկսել էինք, ռեժիսոր Վահե Շահվերդյանը սկսել էր աշխատանքները, բայց էս պահին դադարեցված է, և չեմ էլ կարծում, որ առաջիկայում կսկսվի, որովհետև հենց ռեժիսորը խոցելի խմբում էր», - ասաց Հարությունյանը:
Մարտի 12-ից թատրոնի դռները հանդիսատեսի առջև փակվել են: Սակայն, ինչպես նշում է տնօրենը, այդ ընթացքում ստեղծագործական աշխատանքը չի դադարել՝ ներկայացումները փորձել են օնլայն հարթակ տեղափոխել:
«Թատրոնը ոչ մի պահ չի կանգնեցրել իր աշխատանքները: Օնլայն հարթակում փորձեցինք ինչ-որ բաներ, ներկայացումներ ցույց տալ, հետո սկսեցինք երկու ներկայացումներ, և ասեմ ավելին՝ եթե սեպտեմբեր ամսին տա Աստված ամեն ինչ լավ լինի, ու վարակը քչանա, այսինքն՝ արդեն թույլտվություն ստանանք, թատրոնը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը էս ընթացքում երկու նոր ներկայացումներ է բեմադրել, որտեղ ընդգրկված են երիտասարդներ, ու կունենանք երկու նոր առաջնախաղ՝ սեպտեմբերի վերջ», - նշեց Լյուդվիգ Հարությունյանը:
Հիմա քննարկվում են տարբերակներ թատրոնների գործունեությունը քիչ-քիչ վերաբացելու ուղղությամբ: Քննարկվում է բացօթյա ներկայացումներ բեմադրելու տարբերակը: Աճեմյանցիներն արդեն գտել են, թե որտեղ կարող են բացօթյա ներկայացումներ բեմադրել:
«Ես արդեն խոսել եմ, եթե արդեն թույլտվությունը ստանանք, Գյումրու Հայորդյաց տանը՝ մեծ սիրով մեզ ասեցին, որ «ձեր կողքին ենք ու կօգնենք ու ձեր հետ կլինենք», կխաղանք էնտեղ, ունեն բացօթյա իրենք մեծ տարածք, ու կկարողանանք մեր մանուկների ներկայացումը, որը պատրաստել ենք, առաջնախաղը կլինի հենց էնտեղ: Բայց դա դեռ առաջարկ է: Իսկ եթե եղավ, պարտադիր կմասնակցենք», - ասաց Հարությունյանը:
Եթե թատրոնն առաջիկայում չվերաբացվի, կկանգնեն ֆինանսական լուրջ խնդրի առաջ, նշում է թատրոնի տնօրենն ու հավելում, որ մինչ այս կարողացել են եղած գումարներով ու նախարարության աջակցությամբ լուծել ֆինանսական խնդիրները:
«Մարտի մինչև 12-ը կարողացել ենք խաղալ էնքան ներկայացում, որպեսզի, թվային տեսքով ասեմ ձեզ, թատրոնը 10 միլիոնի տոմս է վաճառել երեք ամիսների ընթացքում՝ հունվար, փետրվար, մարտ ամիսների ընթացքում, և կարողացանք, դե բնական է, թատրոնը, պետությունը օգնում է, աջակցում է, սուբսիդավորում է, բայց թատրոնն էլ իր հերթին պետք է աշխատի, որովհետև շատ հարցեր կան, որ թատրոնը ինքնուրույն պետք է լուծի», - նշեց տնօրենը՝ շեշտելով. - «Եվ եթե թատրոնը չխաղա ներկայացումներ ու չբացվի թատրոնը, միանշանակ, ֆինանսական մեծ խնդիրների առաջ կգա»:
Թատրոնի դերասաններն էլ են անհամբեր սպասում, թե երբ են կրկին հանդիսատեսով լեցուն դահլիճում ներկայացում բեմադրելու: Դերասաններից Անահիտ Քոչարյանն ասում է, որ դերասանի վրա թատրոն չգալը ծանր է անդրադառնում: Բայց մի բանում վստահ է՝ առավել անհամբեր թատրոնի վերաբացմանը սպասում է հանդիսատեսը:
«Ես կարծում եմ, որ սպասում է, որովհետև հանդիսատեսը աբոնեմենտներ ուներ առած, և թատրոնը հայտարարեց, որ կարող են գալ, աբոնեմենտները հետ տալ և գումարները վերցնել. ոչ մի հոգի հետ չվերադարձրեց աբոնեմենտները: Դրա համար, կարծում եմ, որ սպասում են», - ընդգծեց դերասանուհին:
Հովհաննես Հովհաննիսյանն էլ հավելում է՝ թատրոնն առանց հանդիսատեսի թատրոն չէ, որքան էլ այս ընթացքում փորձեցին օնլայն հարթակով կապը պահել: Դերասանն ասում է, որ ստեղծագործող մարդը նույնիսկ այս ծանր ժամանակահատվածում կարողանում է նորը գտնել. - «Յուրաքանչյուր իրավիճակ հուշում է իր տեսակը, հուշում է նոր մտածելակերպ: Որովհետև մենք երբևէ չենք մտածել, որ կարող է 5-6 ամիս այսպես համաճարակի վիճակում ապրել, շնչել, քայլել փողոցով, դիմակներ, և այլն, և այլն, բայց դիմակը կարող է հուշի ինչ-որ բան: Ինձ հուշեց, օրինակ, մտածել Գոգոլի «Քիթ» պատմվածքի մասին, որը շատ նման է դիմակին»:
Դրամատիկական թատրոնում այս օրերին վերսկսվել են փորձերը: Աճեմյանցիները նոր նախագիծ են իրականացնում՝ 20 հեքիաթ են բեմադրում, որ տեսանկարահանվեն և ցուցադրվեն օնլայն հարթակում:
Ի դեպ, մինչև թատրոնի գործունեության կասեցումը նկարահանվեց աճեմյանցիների ամեախաղացվող ներկայացումներից մեկի՝ «Հարսանիք թինկունքում»-ի ֆիլմը: Պրեմիերան նախատեսվում էր ապրիլի 2-ին: Երբ կկայանա ֆիլմի պրեմիերան՝ Լյուդվիգ Հարությունյանն ասաց՝ այս պահին պարզ չէ. - «Կազմակերպիչների կողմից մոտ մեկ տարով, եթե ոչ՝ անորոշ ժամանակահատվածով, ֆիլմի ցուցադրությունը, պրեմիերան հետաձգել են, մինչև էս ամեն ինչը կվերջանա, և հաջորդ տարի արդեն կունենանք ֆիլմի ցուցադրություն»: