Երևանի քաղաքապետարանը նախորդ դարի վերելակները նորերով փոխարինելու գործընթաց է սկսել

Հին վերելակ Երևանի շենքերից մեկում, արխիվ

Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է մի քանի տասնամյակ աշխատած վերելակները նորերով փոխարինելու գործընթացը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ նախագիծ է մշակել, որով ամբողջ հանրապետությունում բնակիչները իրենց ուժերով պիտի փոխարինեն նախորդ դարի վերելակները:

Դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ձևակերպել էր խնդիրը՝ ասելով, որ մայրաքաղաքում առկա են «մահվան վերելակներ»:

Այսօր Երևանի Էրեբունի թաղամասի բազմաբնակարանային շենքերից մեկում 40-ամյա վերելակներից միայն կտորներ էին մնացել, դրանք փոխարինվում էին քաղաքապետարանի ձեռք բերած նորերով:

Նախկինը շատ վտանգավոր էր, ծանրություն չէր պահում, ասում են շենքի բնակիչները:

«Ոնց որ մի մարդուց ավել չէր կարելի նստել, վտանգը շատ մեծ էր, սենց ասած, էլի: Ու լիֆտ էլ կար, որ ընդհանուր առմամբ էլ չէինք էլ բան անում երեխեքին, ասենք, նստեին», - պատմեց բնակիչներից մեկը:

Բնակիչները կկարողանան օգտվել նոր վերելակներից մի քանի օր հետո: Նույն թաղամասում անցած տարի երկու վերելակ է փոխվել: Այսօր տեղադրվող վերելակները հարևան շենքի նման հագեցած կլինեն լուսատախտակներով, մարդկանց առավելագույն քանակի ցուցանակով:

Երևանի քաղաքապետարանը վերջերս ձեռք է բերել 135 նոր վերելակ: Դրանցից 16-ը հենց այս թաղամասում կշահագործվեն՝ համատիրության կառավարիչ Շուշանիկ Քալանթարյանի հսկողության ներքո:

Համատիրության ղեկավարն ասում է՝ հիմա քաղաքապետարանը իր միջոցներով է տեղադրում նոր վերելակները, բայց 25 տարի անց՝ դրանց շահագործման ժամկետի ավարտին, կրկին փոխելու անհրաժեշտություն կառաջանա:

«Հետագայում մենք էդ գումարը պիտի ունենանք, երբ որ 25 տարի հետո էս վերելակը փչանա, փոխվելու կարիք ունենա, մենք էդ գումարը ունենք: Հիմա էդ աշխատանքները գնում են, բնակիչների հետ խոսում ենք, տեսնենք՝ ոնց կհամաձայնեն», - նշեց Քալանթարյանը:

Երկրի բոլոր հին վերելակները միայն պետական միջոցներով նորերով փոխարինելը դժվար կլինի, նշված է Արտակարգ իրավիճակների նախարարության մշակած «Վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման հայեցակարգը հաստատելու մասին» նոր օրենքի նախագծում:

Հայաստանում գործող վերելակների 90 տոկոսի օգտագործման ժամկետն արդեն սպառվել է:

e-draft-ում հանրային քննարկման դրված նախագծի հիմնավորումների համաձայն՝ վերելակների գներն այժմ տատանվում են 8-ից մինչև 20 հազար դոլարի սահմաններում: Այդպիսով՝ ամբողջ Հայաստանում ծառայության ժամկետը սպառած բոլոր 5 հազար 330 վերելակները փոխելու համար կպահանջվի 43-ից մինչև 107 միլիոն դոլար: Վերելակային ֆոնդը թարմացնելու համար անհրաժեշտ կլինի ներգրավել հիմնադրամների, դոնոր երկրների, նշված է նախագծում:

Փոխարինված վերելակները շահագործման օրվանից սկսած կդադարեն ֆինանսավորվել պետական բյուջեից, կսկսվի բնակիչների ամսական վճարումներով գումարը հետ վերադարձնելու գործընթաց: Ամսական մի քանի հարյուր դրամը քաղաքացիները կփոխանցեն կուտակային վերելակային ավանդ: Իսկ թե կոնկրետ ինչքան կվճարեն մարդիկ, կորոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

«Մահվան վերելակներից» ամեն օր օգտվող բնակիչներին գոհացնո՞ւմ է նախագծով առաջարկվող տարբերակը, «Ազատության» զրուցակիցներն այսպես պատասխանեցին հարցին.

«Հարմար տարբերակ է, ի՞նչ է եղել»:

«Կհոգացնի, ինչի՞ չէ, որ անվտանգ կարողանանք հելնենք-իջնենք, իհարկե կհոգացնի»:

«Բոլորը համաձայն կլինեն»:

Ըստ նախագծի՝ նորերով փոխարինման առաջնահերթությունը կտրվի կյանքի համար վտանգավոր վերելակներին:

Նախագծի հեղինակ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 2006-2019 թվականներին վերելակների վթարների 21 դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է, 20-ը ստացել են մարմնական վնասվածքներ: