Ներկայացուցիչների պալատն ընդունեց Արցախին 1,4 մլն դոլար աջակցություն տրամադրելու փոփոխությունը

1 միլիոն 400 հազար դոլար աջակցություն՝ Արցախում ականազերծման աշխատանքները շարունակելու համար։ Միացյալ նահանգների Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հաստատել է Արցախում հումանիտար ականազերծման համար օգնություն հատկացնելու վերաբերյալ փոփոխությունը։

Աջակցությունը նախատեսվում է հատկացնել տարիներ շարունակ Արցախում ականազերծում իրականացնող HALO Trust կազմակերպությանը։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակներից, հայկական ծագում ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիյերը մինչ օրենսդրական փոփոխությունը հայտարարել էր, որ ինքն անցած տարի է եղել Արցախում ու տեղում ծանոթացել է իրավիճակին։

«Երբ անցյալ տարի այցելեցի Լեռնային Ղարաբաղ, սեփական աչքերով տեսա, թե պատերազմի մահաբեր բեկորները, որ ծածկում են այս տարածաշրջանը, ինչպես են սպառնում բնակիչների տնտեսական և ֆիզիկական անվտանգությանը», - ասել է Ջեքի Սփիյերը:

Կոնգրեսականն ընդգծել է, որ 1994 թվականի հակամարտության ավարտից ի վեր Լեռնային Ղարաբաղում ականներից և չպայթած արկերից տուժած գրեթե 400 խաղաղ բնակիչներից մոտավորապես մեկ քառորդը երեխաներ են:

«Լեռնային Ղարաբաղն ունի տարեկան մեկ շնչի հաշվով աշխարհում ականների հետ կապված միջադեպերի ամենաբարձր ցուցանիշներից մեկը, որը երբեմն համեմատելի է Իրաքի, Կոլումբիայի կամ Կամբոջայի հետ։ HALO Trust-ի ականազերծող խմբերը, որոնցից մի քանիսի կազմում միայն կանայք են, կատարել են աներևակայելի համարձակ և կենսական նշանակություն ունեցող աշխատանք», - ընդգծել է նա:

Ջեքի Սփիյերը մտահոգություն էր հայտնել, որ այդ աշխատանքը դադարելու վտանգի առաջ է կանգնած, քանի որ գարնանը ավարտվել էին պետական միջոցները, իսկ USAID-ի կողմից կառավարվող ծրագիրը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ականազերծման միակ ծրագիրն է։

Ավելի վաղ որոշվել էր 1,4 միլիոն դոլարի աջակցությունը տրամադրել կրթական և մշակութային փոխանակման ծրագրերին։ Ինչպես Ջեքի Սփիյերը, այնպես էլ նախաձեռնության մյուս հեղինակները անհրաժեշտ են համարել, իրենց ձևակերպմամբ, կյանքեր փրկող, ականազերծման ծրագրի շարունակությունը։

Ներկայացուցիչների պալատի անդամ Թի Ջեյ Քոքսը նշել է. - «Այս փոփոխությունը կտրամադրի կարևոր մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղում ապրող բազմաթիվ ընտանիքներին, որոնք շարունակում են ապրել մշտական վտանգի մեջ, նրանց հիմնական հավաստիացում տալով, որ բաց տարածությունները կարող են ըմբոշխնելու, այլ ոչ թե վախենալու վայր լինել»:

Ներկայացուցիչների պալատի ընդունած նախագիծն Արցախի համար մեծ նշանակություն ունի, հայտարարում է Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։ Վերջինս ընդգծեց՝ ականազերծման ծրագրի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր են փրկվել։

«Պարզ է, որ Արցախն ամենաականապատված տարածքներից մեկն է աշխարհում, և սա արդյունք է այդ պատերազմի, որ Ադրբեջանի կողմից սանձազերծվեց մեր դեմ, և այն, որ մի շարք տարածքներ բազմաթիվ անգամ անցել են հակառակորդի կողմ, այնուհետև ազատագրվել են, նորից անցել են և այնքան է ականապատվել, որ, իհարկե, մեծ վնաս էր հասցնում՝ առաջին հերթին մարդկանց կյանքին և տնտեսությանը», - ասաց խորհրդականը:

Դավիթ Բաբայանն ասում է՝ ականապատ տարածքները նաև երկրի տնտեսությանն են վնաս հասցրել։

«Այս տարիների ընթացքում իրոք քրտնաջան աշխատանք է կատարվել. տասնյակ հազարավոր քառակուսի մետրերով տարածք ականազերծվել է, մաքրվել է, հիմա դրանք անվտանգ են, օգտագործում են, և շատ կարևորում ենք այդ որոշումը: Ժամանակին խնդիրներ կար, և մենք հույս ենք հայտնել, որ այնուամենայնիվ կվերանայվի և վերանայվեց: Այստեղ նաև մեծ է մայր Հայաստանի, մեր սփյուռի քույր, եղբայրների ներդրումը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ միասնական ճակատով, երբ որ մենք հանդես ենք գալիս, միշտ հասնում ենք արդյունքի», - նշեց Բաբայանը:

HALO Trust կազմակերպությունը Արցախում 2000 թվականից է սկսել ականազերծման աշխատանքները։ Այս ընթացքում աշխատանքներում ներգրավված են եղել նաև տեղի բնակիչները, ինչն, ըստ Դավիթ Բաբայանի, լուծել է նաև նրանց աշխատանքի խնդիրը։

Կազմակերպությունը շուրջ 500 ականապատ դաշտ է մաքրել՝ վնասազերծելով 61 հազար ական։ Ականազերծման աշխատանքների ընթացքում 2018-ին Արցախում հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել էին կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել էին։