Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ):
«Իլհամ Ալիևը և Բյուլբյուլօղլին անում են ամեն ինչ՝ Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար: Նրանց ձեռնասուն բանդիտները գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սկսել են հարձակվել հայերի վրա: Մոսկվայի ՕՄՕՆ-ը գիշերվա ընթացքում ձերբակալել է 50-ից ավելի ադրբեջանցի հանցագործների, որոնք մասնակցել են հայերի ծեծին», - ասված է Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
Ըստ կազմակերպության՝ ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվելու խուլիգանության և ազգամիջյան թշնամանք բորբոքելու համար:
Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է, որ կապի մեջ է ուժային կառույցների ղեկավարների հետ ու հետևելու է քննության ընթացքին: Կազմակերպությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել ոչ միայն այդ հանցագործությունները կատարողներին ու հրահրողներին, այլև «ոգեշնչողներին»:
Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում հայ համայնքի ներկայացուցիչներին այս օրերին լինել զգոն և չտրվել սադրանքների:
Վերջին շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին արտասահմանում գտնվող հայերը և ադրբեջանցիները բռնություններով ու այլ միջադեպերով ուղեկցվող բողոքի գործողություններ են իրականացնում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց: