Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մասնակի է բավարարել Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին արտերկրում շտապ բուժման համար միջանկյալ միջոց կիրառելու դիմումը։
Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում այսօր փոխանցեց ստրասբուրգյան դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Պաշտոնյայի խոսքով, ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է ապահովել դիմումատուի՝ Հայաստանում առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն ստանալը, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում, քաղաքացիական հիվանդանոցում ստացիոնար բուժման միջոցով:
Եղիշե Կիրակոսյան. – «Դատարանի որոշման մեջ ասված է, որ դիմումատուին պետք է հնարավորություն տրվի կազմակերպել իր բուժումը իր նախընտրած բժիշկ մասնագետների կողմից, օտարերկրյա մասնագետների կողմից` իր հաշվին, Հայաստանի Հանրապետությունում»:
Խաչատրյանի պաշտպանական թիմը միջնորդել էր Եվրոպական դատարանին, որպեսզի վերջինս Կառավարությանը պարտավորեցնի նաև թույլատրել Գագիկ Խաչատրյանին մեկնել արտասհաման վիրահատության համար, սակայն այս միջնորդությունը ՄԻԵԴ-ը չի բավարարել։
Ըստ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանի, շուրջ 11 ամիս կալանքի տակ գտնվող 64-ամյա Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը վտանգավոր է նրա հետագա առողջության և կյանքի համար. – «Մնացած բուժումը էստեղ հնարավոր է անել, բայց հիմնական բուժումը էս հիվանդության դա վիրահատությունն է, որը որ Հայաստանի մասնագետները ասում են, որ էստեղ հնարավոր չի, արտերկրում պետք է կատարել: Դրա համար Եվրոպական դատարանին ասել ենք` թույլ տուր գնա արտերկիր: Ասել են` չէ, էդ բժիշկներին բերեք, թող ստեղ անեն: Էստեղ չեն կարող անել, նախնական տվյալների համաձայն: Բայց մենք ամեն ինչ կանենք լրացուցիչ փորձելու` կա՞ նման հնարավորություն, թե չէ, որովհետև գերխնդիրն ա, որպեսզի վիրահատություն լինի, բուժում ստանա, ոչ թե մեկնի Հայաստանի Հանրապետությունից»:
Ըստ միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովների վերջին փորձաքննության, Գագիկ Խաչատրյանը վիրահատության անհրաժեշտության ու ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական բուժման կարիք չունի։ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նկատում է, որ ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարարի հրամաններով 3 բժշկական կոնսիլիումները հակառակն էին հաստատել։
Փաստաբանը վերջին փորձագիտական եզրակացությունը կասկածի տակ է դնում. – «Եվրոպական դատարանը հարցադրումներ ուղարկեց, ասեց` պատասխանեք մեկ շաբաթվա մեջ, ինձ ասեք, թե ինչ խնդիր ունի և ինչ պետք ա անեք: Իրենք ստեղծեցին էս եզրակացությունը, որ Եվրոպական դատարանին ասեն` տեսեք, փորձաքննություն ենք արել, ոչնչի կարիք չունի: Մոռանալով, որ երեք հատ իրենք են կոնսիլիում արել և իրենք են հաստատել, որ ունի»:
Փաստաբանն ասում է, որ իր պաշտպանյալը, գտնվելով կալանավորման մեջ, պաշտաճ բժշկական օգնություն չի ստանում։
Պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար մեղադրվող Գագիկ Խաչատրյանը ներկայումս գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում տեղակայված «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի ստորաբաժանման մշտական հսկողության ներքո։
Արդարադարտության նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին որ նախկին պաշտոնյան ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Ըստ գերատեսչության, Գագիկ Խաչատրյանին առաջարկվել է դինամիկ հսկողության և բուժման նպատակով տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն նա հրաժարվել է։ Խաչատրյանը հրաժարվել է նաև իրեն առաջարկված համապատասխան որակավորում ունեցող ֆիզիոթերապևտի ծառայություններից և շարունակում է ստանալ իր բժիշկների կողմից նշանակված դեղորայքային բուժումները:
Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաննները հետախուզվում են, նրանք էլ մեղադրվում են յուրացման, փողերի լվացման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու համար: