Կանադայում ծնված, մեծացած, Միացյալ Նահագների Հարվարդի հեղինակավոր համալսարանն ավարտած 34-ամյա Հարություն Մանուկյանը մեկն է այն հարյուրավոր մասնագետներից, ովքեր արձագանքեցին Հայաստանի կառավարության կոչին և հարցազրույցների փուլը հաղթահարելու դեպքում սեպտեմբերից աշխատանքի կանցնի Արդարադատության նախարարարությունում։
Կառավարության, իսկ ավելի ստույգ Սփյուռքի հարցերի հանձնակատարի գրասենյակի «Ի գործ» ծրագրի շրջանակում, աշնանից հարյուր սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ կներգրավվեն Հայաստանի պետական կառավարման համակարգում։ 800-ից ավելի դիմում աշխարհի լավագույն բուհերն ավարտած երիտասարդներից արդեն ստացել են, և առաջիկա շաբաթների ընթացքում կհրապարակվի ընտրված հարյուրյակը։
Աշխարհի չորս կողմերից Հայաստան գալու ցանկություն են հայտնել սփյուռքում ծնված, կրթված, աշխատած և բոլորովին այլ աշխարհայացք ունեցող երիտասարդներ։
«Մոտեցման, փիլիսոփայության փոփոխություն է արվում», - ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը՝ ընդգծելով, որ փոխշահավետ աշխատանք է լինելու. – «Ուրիշ համ ու հոտ, ուրիշ շունչ կարող են բերել: Մենք ունենք հիանալի մասնագետներ Հայաստանի կառավարության մեջ, բայց կարիք ունենք մի քիչ... երևի նաև ներքին փոքր հեղափոխություն է պետք»:
Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ողջունել էր այս ծրագիրը՝ Ֆեյսբուքյան իր էջում գրելով. - «Ուրախ ենք նրանց Հայաստանում ընդունելու և իրենց փորձն ի բարօրություն մեր երկրի ծառայեցնելու համար»։
Նկատենք, որ հետհեղափոխական իշխանությանը հասցեին հնչած հիմնական մեղադրանքերից մեկը շարունակում է մնալ թերի կադրային քաղաքականությունը։ Փաշինյանը ևս տարբեր առիթներով չի հերքել, որ կադրային քաղաքականությունն իդեալական չէ: Փաստորեն այս նոր նախաձեռնությունով ինչ-որ չափով այս խնդրին լուծում է տրվում։
Սառա Անջարգոլյան. - «Այս ծրագիրը շատ տարբեր բացեր է լրացնում: Մենք մերոնց ենք բերում: Բայց մյուս կողմից, նաև բերում ենք մարդիկ, որ իրենց հետ բերում են իրենց երկրների մշակույթը, աշխատելաոճը, մտածելակերպը: Եվ այդ ամեն ինչով մենք միայն կարող ենք ավելի հզոր լինել»:
Թեկնածուներից մեկը՝ Հարություն Մանուկյանը վերջին 15 տարվա ընթացքում 8 անգամ եկել է Հայաստան, վերջին երկու տարում, իր ձևակերպմամբ` «խենթանալիք գործ է արվում, սկսվել է ինստիտուցիոնալ վերափոխումը»։ Ինքը Հարվարդում ընտրական համակարգի ոլորտն է ուսումնասիրել, Հայաստանում դիտորդական առաքելություն է իրակնացրել, կամավորական աշխատանք է կատարել:
Կարծում է, որ իր գիտելիքները կօգնեն հետհեղափոխական Հայաստանին իրավական դաշտում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին. – «Թե' Ընտրական օրենսգրքի, թե' Սահմանադրության հետ երկու մեծ քայլեր են արվում, հուսով էի, որ երկուսի մեջ էլ առիթ կլիներ մասնակցելու»:
Բեյրութում ծնված, Անգլիայի Յորքի համալսարանում ուսանած 23-ամյա Շուշան Քեշիշյանի համար ընտրվելու դեպքում սա կլինի առաջին աշխատանքյաին փորձը. – «Իմ թեզը հենց գրել եմ Ղարաբաղյան հակամարտության մասին, ու շատ լավ արձագանք է ստացել Անգլիայում: Այդ գիտելիքներս, որ տարիների ընթացքում հավաքել եմ, և գործնական փորձառությունը, որ ունեմ, ուզում եմ հենց Հայաստանում գործադրել»:
Սփյուռքահայ մասնագետները, ապրելով երկրից դուրս, կապը Հայասատանի հետ չեն կորցրել. տեղյակ են անցուդարձին, իրականությունից կտրված չեն։
Հարություն Մանուկյան. – «Հայաստանն օտար երկիր չէ ինձ համար»:
Շուշան Քեշիշյան. – «Ամեն ամառ այցելել եմ Հայաստան, մասնակցել եմ բոլոր ծրագրերին, որոնց կարող էի մասնակցել»:
Հայաստանում և Արևմուտքում աշխատավարձների կտրուկ տարբերությունը երիտասարդ մասնագետներին չի անհանսգտացնում։ Փիլիսոփայորեն են մոտենում։
Հարություն Մանուկյան. – «Ամենաթանկարժեք բանը մարդու ժամանակն է: Ամենամեծ հարստությունը կլինի այդ ժամանակդ տրամադրես նրան, ինչում իսկապես համոզված ես»:
Ծրագրի ղեկավար Անջարգոլյանը իր օրինակն է բերում՝ արդեն 8 տարի Հայաստանում է, մինչև այդ Կալիֆորնիայում իրավաբան է աշխատել՝ բարձր աշխատավարձով. – «Հեղափոխությունից հետո երկիր կառուցելու, կառավարություն, պետություն կառուցելու ճանապարհը ես իմ մաշկի վրա զգում եմ, որ մեր պատմության մի կարևոր հատվածի մի փոքր մասն եմ: Եվ ինձ թվում է, այս մարդկանցից շատերը նույնն են մտածում: Դա մեծ նշանակություն ունի, դրա վրա մենք չենք կարող ինչ-որ գումարային թիվ դնենք»:
100 սփյուռքահայ մասնագետների հետ մեկ տարվա պայմանագիր է կնքվելու։ Սակայն կա ծրագիրը ընդլայնելու, նոր մասնագետներ հրավիրելու մտադրություն։
Իսկ եթե արդեն եկած մասնագետները ցանկանալ մնա՞լ: Սիրով, ասում են ծրագրի հեղինակները:
Սառա Անջարգոլյան․ - «Շատերը ունեն փոքր երեխաներ և իրենց երեխաների հետ են գալիս: Ուղղակի զգացին, որ սա ճիշտ ճանապարհն է, որ նաև իրենց երեխաները Հայաստանում մեծանան»:
Եթե համավարակը չխանգարի, սեպտեմբերի կեսից սփյուռքահայերից կազմված խումբը գործի կանցնի։
Ծրագրի հեղինակներն ասում են, որ սա նաև մեկ այլ մեսիջ է՝ Սփյուռքն այլևս չպետք է դիտարկվի որպես միայն ֆինանսական աղբյուր, այլ հավասար գործընկեր կառավարական համակարգը ձևավորելու ճանապարհին։