Կառավարությունը 25 մլն դրամ կհատկացնի Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած բնակիչներին

Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով 25 մլն դրամ կհատկացնի Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած բնակիչներին :

Համաձայն հաղորդագրության, հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը առաջարկվում է հատկացնել հրատապության կարգով:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս փուլում մենք նախնական՝ ուղղակի արագ գումար ենք հատկացնում, որպեսզի աշխատանքները սկսեն հետագա ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար: Ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում մենք քննարկում ունեցանք: Այդ քննարկման բովանդակությունը շատ չմանրամասնելով ուղղակի արձանագրեմ, որ եկանք այն եզրակացության, որ սահմանապահ գյուղերում վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնենք: Ընդհանուր առմամբ կա կոնտեքստ, որ այդ գյուղերը միևնույնն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, և հետևաբար այնտեղ տեղի ունեցող վերականգման աշխատանքներն արվում էին մի փոքր այս տրամաբանությամբ: Մենք պետք է տրամաբանությունը փոխենք, և սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե և ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլև մենք պետք է ունենանք այդ գյուղերի, բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն, կոնկրետ ռազմավարություն»:

Կառավարության ղեկավարը նշել է՝ պետք է արձանագրել, որ սահմանապահ գյուղերում ոչ թե Հայաստանն ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից է սկսվում Հայաստանը։

Փաշինյանն ընդգծել է, որ այդ գյուղերում առաջին հերթին պետք է քաղաքաշինական և քաղաքաշինական նախագծման շատ լուրջ աշխատանք կատարվի: «Մենք պետք է արձանագրենք՝ մարդը ոչ միայն պետք է այնտեղ ապրի, այլև պետք է ունենա զբաղմունք, եկամտի աղբյուր և բարեկեցություն կառուցելու հնարավորություն: Մեր խնդիրն է այդ հնարավորությունները զարգացնել», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը հայտնել է. «Արդեն ընթացքի մեջ են 7 տան վերկանգնման աշխատանքները: Մաքրման աշխատանքներ են իրականացվում 10 տան ուղղությամբ: Կարծում ենք, որ առաջին հերթին պետք է վերականգնենք Չինարի գյուղում վնասված տունը. ընտանիքը բաղկացած է 10 հոգուց, որից 5-ը՝ երեխա: Տանտերն առաջարկել է նոր տունը կառուցել ոչ թե նախկինի տեղում, այլ տնամերձ հողամասի մեկ այլ՝ ավելի անվտանգ հատվածում, ինչի հետ մենք համաձայնել ենք»:

Վարչապետն նշել է, որ կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում քննարկել և եկել են այն եզրակացության, որ այն բնակելի տները, որոնք հուլիսի 12-ին և դրանից հետո ավերվել են և հնարավոր չէ դրանք վերականգնել, գործադիրը կվերականգնի պետբյուջեի միջոցներով: