Գրիգոր Ջանիկյան․ Ես գիրք եմ թարգմանում, որ հետո կարողանամ իմ գրքերը հրատարակել

Արձակագիր, հրապարակախոս, մի քանի տասնյակ գրքերի հեղինակ Գրիգոր Ջանիկյանը «Ազատության» հետ զրույցում մի ուշագրավ դիտարկում էր անում՝ կապված իր ստեղծագործական գործունեության հետ թե' որպես արձակագիր, թե' որպես թարգմանիչ: Հաճախ ենք լսում , որ գրողների համար միշտ էլ դժվար են ժամանակները ֆինանսական առումով: Բայց ահա Գրիգոր Ջանիկյանը անգամ համավարակի այս ժամանակաշրջանում թե' հեղինակային, թե' թարգմանական գրքեր է հրատարակել և ներկայացնում է, թե ինչպես է ինքը փորձում հաղթահարել գրողներին մշտապես հետապնդող ֆինանսական խնդիրները:

Ջանիկյան. – Ես գրքեր եմ գրում և միաժամանակ թարգմանում եմ: Իմ գրքերը հրատարակելու համար ես վճարում եմ, գրքերը թարգմանելու համար ես վճարվում եմ: Այսինքն` ես գիրք եմ թարգմանում, որ հետո կարողանամ իմ գրքերը հրատարակել: Ես վաղուց էի երազում Միսաք Մանուշյանի և Մելինե Մանուշյանի սիրո բացառիկ պատմությունը ներկայացնել հայ ընթերցողին: Բազմիցս այն ժամանակ եղել եմ Ֆրանսիայում, նայել եմ թղթածրարները և այլն, և այլն... և վերջապես այս անձուկ պայմաններում տպարանը մեծահոգաբար այդ գիրքը հրատարակեց, որը բազմաթիվ գրախոսությունների արժանացավ, լավ ընդունվեց, և ես շատ ուրախ եմ, որ հիմա թարգմանվում է նույնիսկ ֆրանսերեն:

«Ազատություն». – Հիմա ինչի՞ վրա եք աշխատում:

Ջանիկյան. – Հրաշալի գիրք է լույս տեսել` «Հայոց ցեղասպանությունը և Ֆրանսիան»,ուղղակի կոթողական աշխատություն է: Պատահաբար ձեռքս ընկավ, և ես չկարողացա դիմագրավել ինքս ինձ, սկսեցի թարգմանել` չիմանալով, թե ով է հրատարակելու, երբևէ հրատարակվելու է, հրատարակության համար միջոցներ որտեղից եմ հայթայթելու: Բայց այդ գիրքը, խորապես համոզված եմ, մեր հայ հասարակության համար չափազանց օգտակար է: Որովհետև մենք միշտ ինքնախմորվել ենք, իսկ դա ֆրանսիացի խոշոր պատմաբանի դիտարկում է ամբողջ մեր ցեղասպանության պատմության»:

«Ազատություն». – Մի քանի բառով կբնութագրե՞ք, թե այսօր ինչպիսին է գրողի հոգսը, ո՞րն է գրողի հիմնախնդիրը մեր օրերում, հատկապես համավարակի այս շրջանում:

Ջանիկյան. – Ես չեմ պատկերացնում, թե ինչպես են մեր գրողներն իրենց գոյությունը պահպանում: Սա ասում եմ ամենայն անկեղծությամբ: Ես մի քիչ ինձ շփացած եմ կարծում, որովհետև ես աշխատանքային կյանքիս վերջին տարիներին աշխատեցի «Հայ զինվոր» թերթի խմբագրությունում, հիմա ստանում եմ պահեստի մայորի զինվորական թոշակ: Իսկ մեր տաղանդավոր գրողները, գրականությանը մեծ ծառայություն մատուցած իմ գրչակից ընկերները ինչպես են ապրում, ես այդ մասին չեմ էլ կարող պատկերացնել: Ես գիտեմ, որ Գրողների միությունը անձուկ պայմաններում է, չնչին անգամ չի կարողանում նպաստել իր անդամներին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Your browser doesn’t support HTML5

Գրիգոր Ջանիկյան․ Ես գիրք եմ թարգմանում, որ հետո կարողանամ իմ գրքերը հրատարակել