ԱՄՆ-ը պահանջում է փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանը

Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսարանը, արխիվ

Միացյալ Նահանգները Պեկինից պահանջում է փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանը: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը:

«Ամերիկյան մտավոր սեփականության և ամերիկացիների անձնական տվյալների պաշտպանության նպատակով մենք կարգադրել ենք փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանը», - Օրթագուսի խոսքերն է մեջբերում «Ռոյթերս» գործակալությունը:

Պաշտոնական Պեկինը Վաշինգտոնին մեղադրել է իրավիճակը «աննախադեպ սրելու» մեջ և սպառնացել պատասխան քայլերով, եթե Միացյալ Նահանգները չհրաժարվի տվյալ որոշումից: Չինաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի միակողմանի քաղաքական սադրանքը լրջորեն խախտում է միջազգային իրավունքներն ու միջազգային հարաբերությունների առանցքային սկզբունքները»։