Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը քննադատել է մի շարք երկրների, այդ թվում` Ադրբեջանի իշխանություններին` կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով ընդդիմությանը լռեցնելու, մարդու իրավունքները ոտնահարելու համար:
«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել, որ համավարակի դեմ քայլերը չեն ծառայեցվում իրավապաշտպաններին ու ընդդիմախոսներին ճնշելու կամ հանրային քննարկումները լռեցնելու նպատակով», - հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը, մանրամասնելով` Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների են ենթարկել, ձերբակալել, մեկ դեպքում էլ` հոգեբուժարան տեղափոխել ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք քննադատել են կառավարությանը:
Հետապնդումների հերթական այս ալիքը սկսվել է համաճարակի բռնկումից անմիջապես հետո. ապրիլին արդեն Ադրբեջանի իշխանությունները մինչև 30 օրվա կալանքի էին դատապարտել մոտ երկու տասնյակ ակտիվիստների ու լրագրողների՝ իբրև թե կարանտինի կանոնները խախտելու կամ ոստիկանության հրամաններին չենթարկվելու համար: Իրավապաշտպանները, մինչդեռ համոզված են` վերջիններս թիրախավորվել էին կառավարությանը քննադատելու պատճառով: Ավելին, շաբաթներ շարունակ, ըստ հաղորդումների, իշխանությունները փաստացի տնային կալանքի էին դատապարտել «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին. ամեն անգամ, երբ ընդդիմադիր առաջնորդը փորձում էր հեռակա հարցազրույց տալ լրատվամիջոցներին, նրա տան հեռախոսն ու ինտերնետային կապն ընդհատվում էր:
«Ես պետք է ուղիղ եթեր դուրս գայի, դրանից 20 րոպե առաջ անջատվեց տանս ինտերնետ կապը, համացանցին չէին միանում նաև կնոջս ու տղայիս բջջայինները: Հետո էլ մեր քաղաքային հեռախոսն անջատվեց: Սա, անկասկած, պաշարում էր, ընդ որում` միտումնավոր», - պատմել էր ընդդիմադիր առաջնորդը` հիշեցնելով, թե ինչպես էր նախագահ Իլհամ Ալիևը երկրում կարանտին հայտարարելուց առաջ հրապարակավ սպառնալիքներ հնչեցրել ընդդիմության հասցեին:
«Նրանք թշնամիներ են, և մենք պետք է այս մասին հրապարակավ խոսենք: Դեռ հստակ չէ` ինչի կհանգեցնի այս համաճարակը, այդ իսկ պատճառով, այս ընթացքում կգործեն բոլորովին նոր կանոններ: Կհայտարարվի արտակարգ դրություն, և այդժամ արդեն հինգերորդ շարասյան ներկայացուցիչների մեկուսացումը կդառնա պատմական անհրաժեշտություն», - հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:
Դատապարտելով Ալիևի վարչակազմի այս քայլերը` ԱՄՆ պետդեպարտամենտը նախօրեին ընդգծել է, որ Վաշինգտոնը չի անտեսելու ժողովրդավարության ամրապնդումն ու մարդու իրավունքների պաշտպանությունը համաճարակի ընթացքում:
«Հասարակությունները, որոնք հարգում ու պաշտպանում են հիմնարար ազատությունները, ժողովրդավարական ինստիտուտներն ու օրենքի գերակայությունը, ավելի լավ ու արդյունավետ են արձագանքում ճգնաժամերին», - հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը: