Լոռու մարզի Թումանյան համայնքը մնացել է առանց ավագանու

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքն ավագանի չունի։ 9 անդամներից 6-ն անօգուտ է համարել իր աշխատանքն ու հրաժարականի դիմում գրել։

Տիգրան Մխիթարյանը, որ 2016-ին էր ընտրվել, դեռ մեկ տարի առաջ է հրաժարվել անդամությունից։ Ասում է, թե 25 տարվա համայնքապետ Լևոն Զավարյանի հետ անհնար էր լեզու գտնել հատկապես Թումանյան քաղաքին միացած 6 գյուղերի խնդիրները քննարկելիս։

Մխիթարյանը մատնանշում է, որ դեռ երկու տարի առաջ ավագանու կայացրած որոշումներն են թղթի վրա մնացել. – «Ինքը ընդհանրապես չէր ուզում, որ լսի համայնքի բնակիչի խնդիրների մասին, ինչ ա մնում մի հատ էլ խոսանք դրա լուծման մասին։ Իրա համար դա մեկ էր»:

Առանց վարձատրության աշխատող Թումանյանի ավագանին անցած տարի ընդամենը 7 նիստ է գումարել։ Ավագանու անդամությունից հրաժարված Մերուժան Խեչոյանը, ով 20 տարի շարունակ վերընտրվել է, ասում է՝ իրենց ավագանին արդեն դադարել էր գոյություն ունենալ. – «Պատկերացրեք իրավիճակ, երբ որ շատ խնդիր կա, քվորում չի ապահովվում: Երբ որ պետք ա զանգես ավագանու անդամին, խնդրես, որ ինքը գա, որ քվորում ապահովվի: Դե դա աշխատանք չի, դա լուրջ չի, և ես գտա, որ իմ հրաժարակով եթե օրինակի համար էն իրավիճակը ստեղծվի, որ նոր ընտրություններ տեղի ունենա և նոր ավագանի ընտրվի, երևի ավելի արդյունավետ կաշխատի, քան գործող ավագանին»:

Ավագանու լիազորությունները դադարեցրած անդամները շեշտում են, որ Թումանյանի բյուջեն կազմված է ոչ թե համայնքի զարգացման, այլ ընդամենը աշխատավարձ վճարելու համար։ Մինչև խոշորանալը Թումանյան քաղաքի բյուջեն 35 միլիոն դրամ էր։ 6 գյուղերի միանալուց հետո 5 անգամ մեծացել է։ Բայց ավագանու անդամությունից հրաժարված Մերուժան Խեչոյանը, ով նաև Թումանյանի դպրոցի զինղեկն է, ասում է՝ իրականացվող ծրագրերն ու բնակավայրերի զարգացման տեմպերն այդքանով չեն մեծացել. – «Ավագանու թիվ մեկ խնդիրը բյուջեն ա և նրա վերահսկումը: Եվ եթե նման բյուջե ա ներկայացվում ու ավագանին կողմ ա քվեարկում... չգիտեմ: Եթե բյուջեում նախատեսված չի համայնքի զարգացումը, նշանակում ա էդ բյուջեն հենց ընենք բյուջե ա»:

Համայնքի 24 տարվա ղեկավար Լևոն Զավարյանը որպես կորոնավիրուսով հիվանդի հետ կոնտակտավոր, ինքնամեկուսացած է։ Նրա տեղակալ Երվանդ Շաքարյանն «Ազատությանն» ասաց, որ այս պահին համայնքի բյուջեում մոտ 19 միլիոն դրամ ունեն, բայց ծախսելու հնարավորություն չունեն, քանի որ ավագանի չկա։ Համայնքի ղեկավարի տեղակալը հակադարձում է ավագանու արդեն նախկին անդամներին ու մեղադրում, թե ստեղծված իրավիճակի պատճառը նրանց անպատասխանատու վերաբերմունքն էր։ Կայացած հատուկենտ նիստերին ավագանու անդամներին իրար գլուխ հավաքել չէր լինում։ Շատ հաճախ քվորում չլինելու պատճառով նիստերը տապալվում էին, համայնքի համար կարևորագույն խնդիրների քննարկումը՝ հետաձգվում։

Համայնքի ղեկավարի տեղակալն անցած երեք տարիներին մեկ-երկու դեպք է հիշում, երբ ավագանու բոլոր 9 անդամներն էլ ներկա են եղել նիստին. – «Ավագանին ինչի՞ համար ա: Ծրագիր ներկայացնելու համար: Մենակ նրա համար չի, որ ստեղ նստի, մենք ներկայացնենք, իրանք ասեն հա կամ չէ: Մեկն ու մեկը մի ծրագիր ներկայացրե՞լ ա: Անձնական հարցեր էին շոշափում...»

Համայնքապետարանում պնդում են, թե խոշորացված համայնքում լուրջ ծրագրեր են իրականացվել, գյուղական բնակավայրեր են մատնանշում, որ երբեք մանկապարտեզ չեն ունեցել, բայց այսօր ունեն, ջրագծեր են կառուցվել ու փողոցներ լուսավորվել, մինչդեռ ավագանու արդեն նախկին անդամ Տիգրան Մխիթարյանի կարծիքով, դա բավարար չէ համայնքի զարգացման համար. – «Չորս ու կես տարվա ընթացքում մի խնդիր լուծելը դեռ չի նշանակում լավ աշխատել: Ինքը ուզում էր ընդհանրապես ոչ մի խնդիր չլուծվի՞ չորս ու կես տարվա ընթացքում»:

Թումանյանի արդեն լուծարված ավագանու մասին տեղյակ են Կառավարությունում։ Համայնքի ղեկավարը գրավոր դիմել է Լոռու մարզպետարան, մարզպետարանն էլ՝ Կառավարություն։ Վերջինիս որոշումից հետո Թումանյանում ավագանու նոր ընտրություններ տեղի կունենան՝ արդեն համամասնական ընտրակարգով։ Հաջորդ տարի, երբ լրանա համայնքի գործող ղեկավարի պաշտոնավարման ժամկետը, ավագանին արդեն կընտրի համայնքի ղեկավար, ինչպես 2016 թվականին տեղի ունեցավ Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Ավելի վաղ նույն ընտրակարգով Երևանում էր քաղաքապետ ընտրվել։