«Ոսկե ծիրանի» շրջանակներում ավտոմոբիլային կինոթատրոնում ցուցադրվեց «Փայլատակում» ֆիլմը

Երեկ ուշ երեկոյան նորաբաց «ՌիվեռՍայդ» ավտոմոբիլային կինոթատրոնում ցուցադրվեց առաջին ֆիլմը, որի ժամանակ հնարավոր եղավ պահպանել կորոնավիրուսի օրերին անհասանելի՝ կոլեկտիվ կինոդիտման ավանդույթը։

Մասնակիցները բացօթյա տարածքում, ավտոմեքենաների միջից դիտում էին Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմը, որի ստեղծման 40 տարին է այս տարի լրանում։ «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ասում է՝ կինոյի կարոտ մարդկանց համար սա մի փրկօղակ էր. - «Միակ հնարավոր ձևաչափը, հաշվի առնելով ամեն տեսակ սահմանափակումները, սա է, որը միևնույն ժամանակ նաև շատ նոր ձևաչափ է Հայաստանում, բայց բնավ ոչ նոր աշխարհում, այսինքն` շատ հաճախ մենք տեսել ենք ինչ-որ ֆիլմերում կամ ինչ-որ հոլովակներում այսպիսի մի բան, ենթադրենք Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում և այդ ամենը համադրելով` որոշեցինք, որ հենց այդպես անել, որպեսզի ստացվի այս անկինո շրջանում այնուամենայնիվ ունենալ ֆիլմ»:

Հարմարվում ենք համավարկի պայմաններին ու եթե նույնիսկ աշնանն էլ կորոնավիրուսը չնահանջի, Ավետիսյանի խոսքով՝ իննովացիոն տեխնոլոգիաները թերևս կփրկեն «Ոսկե Ծիրան» փառատոնը. - «Եվ մենք ինչ-որ չափով օգտագործում ենք որպես հնարավորություն, և վստահ ենք, որ մինչև նոյեմբեր կամ նոյեմբերից հետո անկախ դրության վատթարացումից կամ նույնը բնալուց կամ բարելավումից, մենք անպայման այդ տրամաբանությամբ էլ առաջնորդվելու ենք, այսինքն` գտնել ինչ-որ այլընտրանքային ձևաչափեր կինոն և կինոդիտման այդ ավանդույթը կենդանի պահելու համար: Բայց մյուս կողմից նաև դա հնարավորություն է օգտագործել ստեղծման այն մնացած բոլոր փուլերը, որոնք բացի այդ վիզուալ պատկերի բացակայությունից, իրենց մեջ պարունակում են, այսինքն` գաղափարի մշակում, հայեցակարգի, սցենարական, նախաարտադրական, ինչ-որ բաների ետարտադրական, որոնք նախորդել էին»:

Առաջին փորձը կարծես վատ չանցավ, ու հենց հանդիսատսն էլ արագ կողմնորոշվեց՝ ինչպես ծափ տալ, ինչպես ինտերակտիվ շփվել թեկուզ մեքենայի մեջ մեկուսացած։ Մի քանի տասնյակ մեքենաներից մարդիկ կինոյի ձայնը լսում էին սեփական ռադիոընդունիչներով, իսկ պատկերը դիտում մեծ էկրանին. - «Անձամբ ես շատ եմ տխրել, չնայած գիտեմ, որ հավանաբար նոյեմբերին նորից լինելու է, ու այդ առումով այդքան շատ չի տխրությունս, բայց ես ամեն տարի միշտ ամռանը սպասում էի` երբ է գալու հուլիսը, ու երբ է լինելու մեր «Ոսկե ծիրանը», բայց սա էլ ալտերնատիվ տարբերակ է, որը ինչու չէ նաև այսպես կարելի է նշել», - ասաց ներկաներից մեկը:

«Ես ողջունում են փաստը, որ համենայն դեպս բիզնեսը փորձում է կինոյի ցուցադրումները չընդհատի, որովհետև փաստորեն արդեն քանի ամիս է` ոչ մի կինոթատրոն չի գործում», - ասում է «Ոսկե ծիրան» փառատոնի «Գաիֆ պրո» ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանը` հավելելով, որ կորսված հնարավորություն է ունենալ տաք ամառ, բացօթյա ֆիլմեր ցուցադրելու հնարավորություն և չօգտվել դրանից։ Ավտոմեքենայից, թե պարզապես զբոսայգում կամ ամառային դահլիճում կարելի էր շարունակել կինոտոն կազմակերպել, սակայն ամառն ավարտվում է, իսկ բարձրացրած հարցին արձագանքել է միայն բիզնեսը, այլ ոչ թե պետությունը. - «Ես ինքս 17 տարի աշխատել եմ մի ֆիլմի վրա, որը 2020-ի հունվարին վերջացրեցինք` «Չինչիկ» ֆիլմը, ու մենք փաստի առաջ ենք կանգնած, որովհետև ցուցադրելու ոչ մի տեղ չունենք: Ասենք բացեցինք ռեստորանները, մենք բացեցինք ինչ-որ տարածքներ, ֆաբրիկաները, որտեղ 500-ից ավելի մարդ է հավաքվում, աշխատում են, ճիշտ է` կանոններ կան, և նույն կինոցուցադրության համար այդ կանոնները պետք է պահպանվեն: Մենք 90-ականներն արդեն անցել ենք, ու շատ դժվարությամբ «Ոսկե ծիրանը» կարողացավ ետ բերել հանդիսատեսին»:

Հանդիսատեսին կինոյի շուրջ հավաքելու հեթրական փորձն արվելու է աշնանը. փառատոնը հետաձգվել է մինչև նոյեմբեր։