Սահմանադրական դատարանի դատավորներին, Ազգային ժողովի մի շարք նախկին պատգամավորների, գեներալ Մանվել Գրիգորյանին և մի շարք այլ անձանց որպես Մարտի 1-ի գործով վկաներ դատարան հրավիրելու միջնորդությունը կքննվի հետագայում: Այսօր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նման որոշում կայացրեց դատարանը։
«Նշված միջնորդություններին դատարանը կանդրադառնա դատաքննությունը լրացնելու միջնորդությունների քննարկման փուլում», - հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը:
Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացված միջնորդությամբ նշել էր, որ 2008-ին պաշտոնավարած ՍԴ դատավորները կարող են կարևոր տեղեկություններ հայտնել իրենց վրա ենթադրաբար գործադրված ճնշումների մասին, ինչը նշված է սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ Քոչարյանին ներկայացված մեղադրանքում. – «Եվ մեղադրանքի մեջ գրված է` Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ ճնշում է գործադրվել: Սահմանադրական դատարանի անդամները դատակոչված չեն: Ոչ միայն մանրամասնած չէ, թե ում նկատմամբ է ճնշում գործադրվել, նրանք էլ դատակոչված չեն»:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը միջնորդել էր հրավիրել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին`պարզելու, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման 300.1-րդ հոդվածի փոփոխությունները կապված էին 300-րդ հոդվածի իրավական որոշակիություն որոշակիություն չունենալու հետ:
«Երբ որ այդ նոր օրենքը ընդունվեց, դրա համար աշխատանքային խումբ ստեղծվեց Ազգային ժողովի նախագահի կողմից: Ասում ենք` Ազգային ժողովի նախագահին հրավիրեք, տեսնենք ինքը ինչի համար ա ստեղծել այդ աշխատանքային խումբը: Ճիշտ է, իր հրամանում գրված է, որ իրավական որոշակիության պահանջներին համապատասխանեցնելու համար, բայց հիմա դատախազությունը այլ կերպ է մեկնաբանում: Թող իրենք գան, նպատակը նշեն», - ասաց Մեժլումյանը:
Մինչև դատավորի որոշման հրապարակումը մեղադրող կողմը հայտարարեց, որ դեմ չեն վկաների ցանկը համալրելուն, բայց կարծում են, որ այդ հարցը պետք է ավելի ուշ քննվի. – «Պաշտպանության կողմի բարձրացրած փաստարկները ստուգելը արդար դատաքննության կարևոր պահանջներից մեկն է: Բայց կգա ժամանակը, երբ որ մենք հստակ կունենանք, թե կոնկրետ հանգամանքը մեղադրանքում ինչ նշանակություն ունի, և արդյո՞ք գործում առկա ապացույցները դա հաստատում են, հերքում են... Կանդրադառնանք էդ հարցին, միգուցե մենք էլ կմիանանք այդ միջնորդությանը»:
«Նոր վկաներին հրավիրելու վերաբերյալ միջնորդության քննության հետաձգելը կարող է խոչընդոտել այդ անձանց դատարան հրավիրելուն, քանի որ Մարտի 1-ի գործով ապացուցների ուսումնասիրումը կարող է տարիներ տևել», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Դատավոր Աննա Դանիեբկյանն այսօր նաև մերժեց մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանի և Պետրոս Պետրոսյանի դեմ ներկայացրած բացարկի միջնորդությունները։
Մարտի 1-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը դատախազներին բացարկ հայտնելը պայմանավորել էր նրանով, որ գործի նյութերում բացակայում են մարտի 1-ի արյունալի իրադարձությունների մասին Եղիազարյանի ցուցմունքների արձանագրությունները, դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Դրա արդյունքում էլ, ըստ փաստաբանի, Սերգեյ Եղիազարյանը զրկվել է որպես տուժող պետական աջակցություն ստանալու հնարավորությունից։
«Նախաքննության ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ տեղյակ է եղել նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ Պետրոսյանը և որևէ միջոց չ ձեռնարկել իրավունքների խախտումներն արձանագրելու, վերացնելու և տուժողի իրավունքները վերականգնելու ուղղությամբ», - հայտարարեց Ասլանյանը։
Միջնորդությանը միացել էր պաշտպանական կողմը, դատախազներն առարկել էին։ Ըստ էության, այսօր ևս Մարտի 1-ի գործով բուն քննությունը չմեկնարկեց։