Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի բուժաշխատողների մի մասը կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ

Գյումրիում գործող երեք բուժհաստատություններ հնարավոր է միանան «Գյումրի» բժշկական կենտրոնին: Առաջարկը Կառավարությանն է, ըստ դրա՝ միացումից հետո Գյումրիի ծննդատունն ու դիահերձարանը կշարունակեն գործել իրենց շենքերում, իսկ Ուռուցքաբանական դիսպանսերը կլուծարվի՝ 30 մահճակալից 12-ը կտեղափոխվի «Գյումրի» ԲԿ:

Գործադիրի նախագիծն արդեն ուղարկվել է բուժհաստատություններին: Դրանից հիմնականում դժգոհում են Գյումրիի ուռուցքաբանականի աշխատակիցները՝ անձնակազմի 60 ներկայացուցիչների մի մասը կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ: Նրանք հորդորում են Կառավարությանը ձեռնպահ մնալ օպտիմալացման գործընթացից:

«Ազատության» հետ զրույցներում ուռուցքաբանականի աշխատակիցները նշեցին.

«Մեզ ոչ մի բան չեն ասել, ոչ մի աշխատանքի առաջարկ չենք ստացել, միայն ասում են, որ կտեղափոխեն քիմիոթերապիան 12 մահճակալ Գյումրու բժշկական կենտրոն: Իսկ 12 մահճակալը շատ քիչ է մեզ համար»:

«Ամբողջ Հայաստանի երկրորդ ուռուցքաբանական կենտրոնը՝ վերցնել և անհիմն պատճառներով լուծարել մի կառույց՝ դա անհիմն որոշում է»:

«Իմ կոչն այն է, որ չփակեն մեր հիվանդանոցը, թողնեն, որ մեր աշխատողներն աշխատեն, չմնան անաշխատունակ»:

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը ներկայացրեց, թե ինչ հիմնավորմամբ է Կառավարությունը դեռ 2006 թվականին նման նախագիծ առաջարկել:

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն է, Ուռուցքի հետազոտման միջազգային գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների կողմից իրականացվել է ուսումնասիրություն ամբողջ հանրապետությունում ուռուցքաբանական ծառայությունների որակի վերաբերյալ, մասնավորապես՝ մեր Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերում, և այնտեղ, մասնավորապես, ճառագայթային բուժման մասով ծառայությունը գնահատվել է անբավարար», - ասաց Ասլանյանը՝ շարունակելով. - «Հատկապես սարքավորումների առումով է գնահատվել անբավարարը, որովհետև մենք ունենք շատ հին, դեռևս սովետական տարիներին արտադրված, 89 թվականին արտադրված սարքավորումներ, որոնք որպեսզի որակյալ ծառայություն մատուցեն, պետք է հինգ տարին մեկ վերալիցքավորվեն: Եվ ասեմ, որ այդ սարքավորումները վերալիցքավորվել են վերջին անգամ 95 թվականին: Եվ մենք վերջին տարիներին բազմիցս դիմել ենք գործակալությանը, որպեսզի աջակցեն մեզ վերալիցքավորվելու հարցում, իսկ դա բավականին մեծ գումարների հետ է կապված: Մենք նաև դիմել ենք Կառավարությանը, որպեսզի մեզ աջակցեն, ֆինանսական առումով աջակցեն՝ իրականացնելու այդ վերալիցքավորումը: Կառավարությունը որոշել է այսպես՝ ճառագայթային ծառայությունը կենտրոնացնել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում»:

Լեյլի Ասլանյանը հաստատեց՝ աշխատանք կորցնողներ կլինեն. - «Աշխատանքը կկորցնեն վարչատնտեսական մասի աշխատակիցները»:

Ուռուցքաբանական դիսպանսերի տնօրեն Վալերիկ Շիրինյանը համաձայն չէ` ցույց տալով հիվանդանոցում ամիսներ առաջ սկսված վերանորոգման աշխատանքները: Այդուհանդերձ, արդեն մի քանի տարի խնդիր ունեն` ճառագայթող սարքերը լիցքավորելու հետ կապված. - «...Որ անմխիթար վիճակում է, գումար չկա, որպեսզի մենք վերանորոգենք, մենք ոչ մի անգամ գումար չենք պահանջում, արել ենք մեր ուժերով, մեր տնտեսված միջոցների հաշվին, խնդրեմ, Դուք նայեք, թե ինչպիսի պայմաններ են»:

Ճառագայթման համար հիվանդներին վերջին տարիներին ուղեգրում են Երևան: Դիսպանսերի տնօրեն Վալերիկ Շիրինյանը հարց է տալիս՝ մի՞թե հաշվի չի առնվում հիվանդի սոցիալական վիճակը. - «Իմ ասածն այն է, որ մեր մարզում հիվանդները, բոլորը գիտեն, սոցիալապես անապահով խավ են, ո՞ր բոլոր հիվանդների համար է մատչելի գնալ Երևան և այդ բուժումը ստանալ: Ով որ կարողանում է, առանց դրա էլ հիմա էլ ինչ-որ ձգտում, թե մայրաքաղաք է, կամ չի գնում, բայց այն խավը, որը չի կարողանում, նա իր ճակատագրի հետ նստելու է իրենց տանը»:

Գյումրիի ուռուցքաբանական դիսապանսերն, ըստ բուժաշխատողների, սպասարկում է նաև Լոռու և Ջավախքի հիվանդներին: Վերջիններս առաջարկում են լուծարելու փոխարեն վերազինել հիվանդանոցը: