Նարինե Աբգարյան. Պատերազմն սկսվում է, բայց երբեք չի ավարտվում

Այս օրերին սոցցանցում ռուսաստանաբնակ գրող Նարինե Աբգարյանի հետևորդների մոտ հարյուր հազարանոց բանակը հետևում է տավուշյան սրացման քրոնիկոնին, որ հաճախ համեմվում է Նարինեի համով պատմություններով:

Բերդում ռմբակոծության տակ նաև նրա հարազատներն են, ծնողները. - «Հարցնում եմ ոնց եք, ասում ա ընտիր ենք: Պոստ եմ դրել, որ երեք անգամ հարվածել են Բերդին, ասում ա`երեք անգամ չի եղել, հինգ անգամ ա եղել: Ասում եմ` մամ ջան, բայց պապան ասեց 3 անգամ: Ասում ա` ինքը նաուշնիկներով էր, լսել չի էրկու անգամը»:

Նարինեն ինքն էլ Բերդում է մեծացել, խաղաղ փոքրիկ քաղաքի վրա 90 ականներին բազմաթիվ արկեր ընկան... Այս օրերին տավուշցիներից էլ, իր ծնողներից էլ տագնապի ճիչեր չի լսում. – «Նույնիսկ չէի ասի, որ դա ինչ-որ խրոխտության նշան ա. հա, դե` կկպչի, կկպչի, չի կպչի, ուրեմն չի կպչի»:

Բերդը, այդտեղ ապրող մարդիկ, պատերազմը Նարինե Աբգարյանի ռուսալեզու բազմաթիվ գրքերում են: «Մանյունյայում» Բերդում ծնված երկու ընկերուհիների արկածներն են, որ ծավալվում են տատիկի խստաշունչ հայացքի ներքո: Այս գիրքը Ռուսաստանի ազգային գրական «Տարվա ձեռագիր» մրցանակն է ստացել: «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպով Նարինեին բրիտանական The Guardian-ը Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում ներառեց: Այս գիրքը նաև համառուսական «Յասնայա պոլյանա» գրական մրցանակ ստացավ: «Տարեգրություն խզբզոցներով»-ը Ռուսաստանում վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրք ճանաչվեց:

Բերդցի գրողի գործերը նաև թատերական ներկայացումներ են դառնում, այժմ նաև ֆիլմ է նկարահանվում:

Աշխարհի 14 լեզուներով թարգմանված նրա բոլոր գրքերի հերոսները Բերդից են: «Ոնց որ էնտեղ մնացած լինեմ», - ասում է Նարինեն: - «Բոլոր գործերումս Բերդը կա... Ես փորձել եմ չգրել Բերդի մասին, բայց իմ մոտ չի ստացվում»:

Բերդը նաև գրական տուրիզմի ուղղություն է դառնում։ Նարինեն ժպիտով է պատմում, որ տուրիստներ են գնում իր քաղաքը, Լենինի փողոցի իրենց տունն ու ծնողներին տեսնելու: Հերոսներն էլ դե քաղաքում ամենուր են. – «Գալիս են, մեր տուն են գալիս, Մաման, պապան դե չգիտեն, չեն զգուշացնում, որ գալու են, ու բնականաբար ամեն անգամ սյուրպրիզ ա իրանց համար: Պապան միանգամից ասում ա` կներեք, ես գործ ունեմ, ես գնամ, մաման հերոսորեն հյուրերին դիմավորում ա, սուրճ ա պատրաստում, նստում են, խոսում են: Մեկ էլ խնդրում են գիրք ստորագրել...»:

Պատմվածքների վերջին ժողովածուն, որ դեռ հայերեն չի թարգմանվել հետպատերազմական Բերդի մասին է: Թե ինչպես են մարդիկ ապրում դրանից հետո, և ինչպես չի հաջողվում հաղթահարել պատերազմական լարումը. – «Ես հիշում եմ, թե ինչքան շատ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ կային Բերդում: Որովհետև պատերազմը որ ավարտվեց, էդ ժամանակ մարդիկ մի քիչ ոնց որ հանգստացան, էն հոգեկան լարումը, որ իրենց մեջից դուրս էկավ, բոլորին չհաջողվեց էդ լարումը հաղթահարել»:

Ինքը շարունակում է պայքարել 90-ականների արկերի հետևանքների դեմ. ախտանշանները վերադանում են ամեն անգամ, երբ սրվում է Արցախի կամ Հայաստանի զգայուն սահմանագիծը:

«Այսօրվա աշխարհը, որի տարբեր հասցեներում պատերազմներ են, մեր սերնդի ձեռքի գործն է», -ասում է Նարինե Աբգարյանը` հավելելով, որ ուրեմն ինչ որ բան սխալ է արվում. – «Չեմ էլ հասկանում ախր մարդկությունը խի՞ ա էդքան շատ սխալներ անում: Ախր ամեն մարդուն ի՞նչ ա պետք... տուն ըլնի, առողջություն ըլնի, գործ ըլնի... Ինձ չի թվում, թե մարդուն շատ բան ա պետք երջանկության համար: Դա ստեղծելը էդքան դժվար չի: Ախր ո՞նց ա լինում, որ հա պատերազմներ....»

Նրա ընթերցողների ու սոցցանցի հետևորդների շարքում նաև ադրբեջանցիներ են, իհարկե` ռուսաստանաբնակ ադրբեջանցիներ. – «Ասում են` Նարինե, շնորհակալություն, որ Դուք ուրիշների պես ադրբեջանցիների մասին վատ բառեր չեք գրում, մենակ Ալիևին եք քարկոծում: Ես իսկապես համարում եմ, որ եթե քարկոծում ես, պիտի Ալիևին քարկոծես...»

Նարինեի ֆեյսբուքյան էջում երկու օր է մարտական քրոնիկոնին փոխարինել է մեկ այլ զինատեսակի՝ ծիրանի մոսկովյան սպառման քրոնիկոնը: Նրա բազմազգ հետևորդները ոչ միայն արկղերով գնում, այլև Նարինեից ծիրանի մշակման տավուշյան բաղադրատոմսեր են ստանում, մուրաբան լավ է՝ կորիզներով եփել...