«Երբ փորձում եմ մտքերս հանձնել թղթին, փորձում եմ կոկիկ լինել, հարդարվել ու ըստ տրամադրության գրել: Գրելիս պիտի ինքս ինձ դուր գամ, ձեռքերս լվանամ, սիրելի օծանելիքս ցանեմ: Գրելն ինձ համար միշտ տոն է», - ահա այսպես է, իր իսկ խոսքով, ստեղծագործում երիտասարդ արձակագիր Սյունե Սևադան: Նա արդեն իսկ հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Կախվածություն» խորագրով և առաջիկայում էլ կհրատարակի հաջորդ ժողովածուն:
Անցյալ տարի հրատարակած նրա առաջին գիրքը ամենաշատը վաճառված գրքերի ցանկում էր: Համավարակային այս ժամանակահատվածը Սյունե Սևադան անց է կացրել լարվածությամբ ու տագնապով, նաև մտավախությամբ, որն ինչ-որ չափով իր բացասական ազդեցությունն է ունեցել նրա ստեղծագործական ակտիվության վրա:
«Բնականաբար, հեշտ ժամանակներ չեն ո՛չ մարդկային տեսանկյունից, որովհետև անընդհատ էմոցիոնալ լարված ենք, ո՛չ մասնագիտական, որովհետև բանական է, որ պլանները փոխվում են, ամեն ինչ խառնվում է իրար ու անընդհատ ինչ-որ ավելի լավ օրվա ենք այս պահին սպասում: Հիմնականում, ինչպես բոլորը, ինչ-որ սպասողական վիճակի մեջ ենք նաև մենք», - ասաց Սյունե Սևադան:
«Ազատության» հարցին, թե իր համար ինչպիսի՞ն էր այս իրավիճակը, Սևադան պատասխանեց. «Իրականում պարադոքսալ է, որովհետև մի կողմից իսկապես շատ ավելի ազատ ենք ու կարող ենք հանգիստ նստել ու գրել ինչքան ուզում ենք, բայց մյուս կողմից իրականում տրամադրությունը, տրամադրվածությունը, ընդհանուր օդում կախված այդ սպասման զգացումը, ընդհանուր լարվածությունը, որը կա, խանգարում է կենտրոնանալուն, բացի այդ փոխվում է նաև մարդն այս իրավիճակի մեջ: Այսինքն, օրինակ, իմ դեպքում, ես սկսեցի երկու գիրք ու կախված այս ամբողջ ընթացքից, ես որոշեցի փոխել ու հիմա սկսեցի երրորդն այլ թեմայով: Ինչո՞ւ, որովհետև հասկացա, որ այս պահին այլ թեմաներով եմ սկսել հետաքրքրվել ու այլ բաներ եմ ուզում գրել»: