Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար պիտի մեծ ցանկությամբ քայլ առ քայլ առաջ գնանք՝ վստահ լինելով, որ կարող ենք մրցակցել բոլորի հետ, իր առաջին ասուլիսի ընթացքում այսօր հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապառոսը:
«Բոլոր ֆուտբոլիստների ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել նպատակին», - ասաց Կապառոսը:
64-ամյա մասնագետը հավաքականի ղեկը ստանձնել էր դեռ մարտ ամսին, սակայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով Հայաստան գալու ու լրագրողների հարցերին պատասխանելու հնարավորություն չուներ, այսօր էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կազմակերպված ասուլիսը հեռավար ձևաչափով էր։
Կապառոսից առաջ շատ կարճ ժամանակով հավաքականի գլխավոր մարզիչը Աբրահամ Խաշմանյանն էր, որի գլխավորությամբ ընտրանին Իտալիայի հետ արտագնա խաղում կրեց հավաքականի պարտության ամենախոշոր 9-1 հաշվով պարտությունը։ Այս հանդիպումից հետո հրաժարական տվեց նաև ՀՖՖ նախկին նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հավաքականի իսպանացի նոր մարզիչն արդեն հասցրել է զրուցել ազգային ընտրանու շուրջ 20 ֆուտբոլիստների հետ. «Ինձ հաճելիորեն զարմացրեց, որ բոլորը մեծ նվիրվածությամբ ցանկություն հայտնեցին հետագայում ևս խաղալ ազգային թիմում»։
Կապառոսի խոսքով՝ ֆուտբոլիստների հոգեբանական պատրաստվածությունը նույնքան կարևոր է, որքան տեխնիկան, տակտիկականն ու ֆիզիկականը, երբեմն այն ավելի կարևոր է, քան այս երեքը:
«Առաջին հերթին պետք է ճանաչել կոլեկտիվը, ակնհայտ է որ հոգեբանորեն ամուր թիմը բարելավում է ելույթները», - ասաց հավաքականի մարզիչը:
Իսպանացի մասնագետն ակումբներում աշխատելու մեծ փորձ ունի, սակայն Հայաստանի ընտրանին Կապառոսի մարզչական կարիերայի առաջին հավաքականն է։ Նա մարզել է իսպանական «Սևիլյան», Բիլբաոյի «Աթլետիկը», «Դեպորտիվոն», «Գրանադան», նրա ղեկավարությամբ խաղացել են գերաստղեր Սերխիո Ռամոսը, Ադրիանոն, Դանի Ալվեսը։
Ի դեպ, Հայաստանի հավաքականի առաջարկն ընդունելուց առաջ Կապառոսը Սևիլիայում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում։ Վերջին շրջանում Հայաստանի հավաքանի անցկացրած հանդիպումներից իսպանացուն ամենաշատը տպավորել է Երևանում կայացած իտալացիների հետ մրցավեճը, որն ավարտվեց հյուրեի 3:1 հաշվով հաղթանակով, սակայն Հայաստանի ընտրանին այդ խաղում լավ տեսք ուներ և ըստ Կապառոսի, կարող էր այլ հաշիվ գրանցվել։ Մասնագետի խոսքով՝ առաջիկայում հավաքականում հնարավոր է ընդգրկվեն խաղացողներ նաև երիտասարդական թիմից, կարևորն այն է, որ այդ երիտասարդները խաղային պրակտիկա ունենան. «Երիտասարդները պետք է խաղան, սխալներ թուլ տան հակառակ դեպքում կանհետատան»:
Պիտի իսկական թիմ լինենք՝ իմանալով ինչ անել երբ գնդակով ենք կամ առանց դրա, պիտի փորձենք առավելագույնը ստանալ, ասաց 64-ամյա մասնագետը։
Կապառոսը Հայաստանի ընտրանու թույլ կողմերի մասին չցանկացավ խոսել, որ մրցակիցները չլսեն՝ ընդգծելով՝ կատարյալ թիմ չկա . «Ոչ «Ռեալը», ոչ «Բարսան», ոչ «Բավարիան», ոչ էլ «Մանչեսթեր Սիթին» կատարյալ թիմեր չեն, մենք կփորձենք, որ մրցակիցները մեր թերացումները քիչ տեսնեն»:
Սեպտեմբերից Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կսկի պայքարն Ազգերի լիգայում, աշնանը ազգային ընտրանին նաև ընկերական 2 հանդիպում կանցկացնի: