Փաշինյան. Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ

Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, հայտնում են կառավարության աշխատակազմից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է ծանր մնալ, չնայած որոշ հուսադրող թվերի, որոնք վերջին օրերին հայտնվել են մեր վիճակագրության մեջ: «Համավարակը իսկապես բացասաբար է անդրադարձել մեր կյանքի բոլոր կողմերի վրա:

Այսօր այս դժվարություններն այս կամ այն չափով զգում են աշխարհի բոլոր երկրներն առանց բացառության: Ավելի քան ակնհայտ է, որ համավարակի դեմ պայքարի և դրա արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար կարևոր նախապայման է խաղաղության պահպանումը և զինված հակամարտությունների դադարեցումը:

Այս առումով չեմ կարող չանդրադառնալ մի թեմայի, որը կենսական նշանակություն ունի մեզ համար և մեր տարածաշրջանում կայունության պահպանման համար:

Ինչպես գիտեք, Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին», - նշել է ՀՀ վարչապետը` հավելելով, որ սադրանքները շարունակվում են առայսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկանխատեսելիությանը:

«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին», - նկատել է Փաշինյանը:

Խորհրդի նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղըզստանի կառավարության ղեկավար Կուբատբեկ Բորոնովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Նիստի ընթացքում քննարկվել է եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:

Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը: