Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքները` դա որակելով պետական ահակեբկչություն։
«Այն գործողությունները, որոնցով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը սպառնում է, հանդիսանում են միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար», - ասված է Հայաստանի արգործնախարարության հայտարարության մեջ։
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե այս պահին Հայաստանի ԱԳՆ-ն ինչ քայլեր է ձեռնարկում պաշտոնական Բաքվի կողմից հնչեցված սպառնալիքի ուղղությամբ՝ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ նախարարությունը գործի է դնելու իր ողջ գործիքակազմը։
Նշենք, որ Հայաստանը հանդիսանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ, և մեր արտաքին գերատեսչությունը այս կառույցին, ամենայն հավանականությամբ, նույնպես կդիմի։
«Այս պահի դրությամբ կարող եմ պարզապես հավելել, որ հարցի առնչությամբ Արտաքին գործերի նախարարությունը գործի է դնելու իր մոտ առկա ողջ գործիքակազմը։ Ցավոք սրտի, ելնելով որոշակի սահմանափակումներից, չեմ կարող առավել մանրամասներ տրամադրել», - ասաց Նաղդալյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակի սպառնալից հայտարարությանը անդրադարձել է նաևՊաշատպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` այն որակելով հանցագործություն. – «Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքական գործիչները, դիվանագիտական կորպուսը, պաշտոնյաներն արդեն այս հարցը բարձրացնում են համապատասխան մարմիններում, որովհետև սա շատ կարևոր եզրակացության տեղիք պիտի տա։ Սա կոնկրետ հանցագործություն է»:
Տարածքային կառավարման փոխնախարար Հակոբ Վարդանյանը, ով համակարգում է էներգետիկ ոլորտը, «Ազատության» հետ զրույցում ի պատասխան հարցին, թե որքանով է ատոմակայանը պաշտպանված հնարավոր հրթիռակոծությունից` ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել Պաշտպանության նախարարությունը. – «Պաշտպանության նախարարությունը պետք է ասի` արդյո՞ք դա հնարավոր է, կարո՞ղ են իրենց հրթիռները հասնել ատոմակայանի, թե՞ ոչ: Բայց այնուամենայնիվ, եթե հասնեն, ատոմակայանը չունի նման համակարգեր, որ կարողանա դիմակայել հրթիռային հարձակման... Իսկ դա կախված է, թե հրթիռը ատոմակայանի որ տեղին կհարվածի, դրանից է կախված աղետի կամ վթարի չափը ինչքան կլինի: Ատոմակայան ասելով, ուզում եմ հասկանանք, որ ինքը 200 հեկտարի վրա գտնվող մեծ համալիր է: Բնականաբար, եթե հարվածը լինի ռեակտորին, մենք շատ ծանր հետևանքներ կունենանք»:
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի էներգետիկ ոլորտում ազգային փորձագետ Արա Մարջանյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ շատ կարևոր է, որ Հայաստանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի հայկական ատոմակայանը խոցելու մասին Ադրբեջանի վտանգավոր հայտարարության վրա: Այն պետք է խստորեն դատապարտվի միջազգային բոլոր կառույցների, այդ թվում` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից։
Անդրադառնալով ատոմակայանը խոցելու հնարավորությանը, փորձագետը այն հավանական չի համարում` ընդգծելով, որ Մեծամորի ատոմակայանը գտնվում է հակաօդային պաշտպանության համակարգերի պաշտպանության ներքո. – «Բացի դրանից, Արարատյան դաշտավայրը և ատոմակայանը գտնվում են S-300V ինդեքսով հակահրթիռային պաշտպանության համակարգի հովանու ներքո: Այնպես որ, այդ տեսանկյունից Հայաստանը բավական շահեկան դիրքում է: Մինչև հասնելը ատոմակայան այդ բոլոր միջոցները երաշխավորված կխոցվեն: Անհավանական սցենարի դեպքում, եթե ատոմակայանին մի բան պատահի, դեռ հայտնի չէ, թե որ երկիրը ավելի շատ կտուժի»: