Ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են. ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ:

ԱԳՆ հայտարարությունում ասված է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը «վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին»:

«Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները:

Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար»:

Հայաստանի արտգործնախարարությունը նշել է, որ խստորեն դատապարտում է Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք «վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին»:

«Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից», - ասված է հայտարարությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր հայտարարել է, թե «հայկական կողմը չպետք է մոռանա, որ Ադրբեջանի սպառազինությունում ընդգրկված ամենաարդիական հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին, ինչը Հայաստանի համար մեծ աղետի կհանգեցնի»: