Տոնոյանը կապվել է Կասպշիկի հետ, ներկայացրել իրավիճակը և հայտնել, որ ադրբեջանցիները բազմաթիվ զոհեր և վիրավորներ ունեն

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկ, արխիվ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ։

Նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 3:40-ից Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

«Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են», - Ֆեյսբուքում գրում է ՊՆ խոսնակը:

Այսօր առավոտյան Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ գիշերը կանխվել է ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձը, ինչին հաջորդել է Տավուշի մարզի Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հաջորդած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Երեկ սահմանին հարաբերական անդորր էր: