Ընդհանուր առմամբ ՀՀ Զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական, ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով՝ արդյունավետության տեսանկյունից «սա բավականին բարձր ցուցանիշ է»:
«Մեր հաշվարկներով 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել 5-6 բնակավայրերի նկատմամբ հայկական: Ճիշտ է հրադադարի ռեժիմը պահպանվում է և գրեթե լիովին է պահպանվում, բայց մեր Զինված ուժերը գտնվում են բարձր մարտունակության մեջ, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակը, հետևում են հակառակորդի բոլոր զարգացումներին, և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքների՝ հակառակորդի զինված ուժերի ցամաքային լինի, թե օդային զորատեսակների սադրանքներին», - ասաց Հովհաննիսյանը:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ղեկավարը նշեց, որ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ:
Վիրավորների վիճակի մասին Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ փոփոխություն չկա և վիրավորներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր:
Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն էլ ասաց՝ խիստ դատապարտելի է «Տավուշ Տեքստիլ»-ի ուղղությամբ հրետակոծությունը:
«Այցը սկսեցինք Բերդ քաղաքից, որովհետև այստեղ կարևոր էր այն, որ «Տավուշ Տեքստիլ»-ի ուղղությամբ էր իրականացվել հրետակոծումը, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղի ուղղությամբ: Սա խիստ դատապարտելի է, որովհետև «Տավուշ Տեքստիլ»-ը արտադրում է բժշկական դիմակներ, խոսքը գնում է ակնհայտ մարդասիրական հարցի մասին, և, բնականաբար, միջազգային մարդասիրական իրավունքի խախտման մասին է այստեղ խոսքը գնում», - ասաց Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ ամենամեծ վնասը հասցվել է Այգեպար գյուղին. «Այստեղ մենք ունենք արձանագրված 11 քաղաքացիական տուն, որոնք պարզապես ենթարկվել են հրետանակոծության: Խոսքը գնում է այնպիսի հրետանային արկերի մասին, որոնք պարզապես ներսից պայթում են և բեկորների են վերածվում: Այդ բեկորներն այնպիսին են, որ կարող են ակնհայտ կյանքի, առողջության համար վնաս հանդիսանալ»:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական:
Հուլիսի 15-ին Իջևանում կայացած ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական կողմը ընդհանուր թվով 20 վիրավոր է ունեցել, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: