Հայաստանի հետ պատերազմ պահանջող ադրբեջանցի ցուցարարները գրոհեցին սեփական երկրի խորհրդարանը

Ադրբեջան - Ցուցարարները և ոստիկանները Բաքվի կենտրոնում, 15-ը հուլիսի, 2020թ.

«Պատերազմ կարանտինի փոխարեն», «Գլխավոր հրամանատար, մեզ զենք տուր»՝ անցած գիշեր հազարավոր ադրբեջանցիներ հենց այս կարգախոսների ներքո դուրս եկան փողոց՝ երկրի իշխանություններից պահանջելով Հայաստանի դեմ կտրուկ քայլեր ձեռնարկել։

Թովուզի շրջանում ռազմական անհաջողությունների, մասնավորաբար բարձրաստիճան զինվորականների մահվան ֆոնին, զինված ուժերին հանրային աջակցություն ցուցաբերելու նպատակով կազմակերպված այս ակցիան, սակայն, արագորեն դուրս եկավ վերահսկողությունից։

Ակցիայի առաջին ժամերին Բաքվի կենտրոնական փողոցներով շարժվող երթի մասնակիցների հետ ոստիկանները դեռ փորձում էին ընդհանուր լեզու գտնել։ Դա, այդուհանդերձ, ոչ միշտ էր հաջողվում։ Twitter-ի ադրբեջանցի օգտատերերից մեկը՝ լրագրող Ջավիդ Աղան, օրինակ, նման մի դրվագ է ներկայացնում. - «Երբ ոստիկաններից մեկը մոտեցավ ցուցարարներին և ասաց, թե՝ «մենք ռազմաճակատում 200 հայ ենք սպանել», ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «սուտասաններ»։

Իրադրությունը վերջնականապես անվերահսկելի դարձավ գիշերը ժամը 4-ի շրջակայքում, երբ ցուցարարները, որոնց թիվն այդ պահին, որոշ տեղական աղբյուրների գնահատմամբ, մոտ 10 հազարի էր հասնում, մոտեցան խորհրդարանի շենքին։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այդ պահից իրադարձությունները սկսեցին բավական տարօրինակ սցենարով զարգանալ։ Չնայած ուշ ժամին՝ Միլի մեջլիսի դռները բաց էին, շենքը հսկող ոստիկանների քանակն էլ՝ աննշան։

Մի քանի տասնյակ ցուցարարներ՝ Ադրբեջանի և Թուրքիայի մեծ դրոշներ ծածանելով, մուտք գործեցին խորհրդարանի նախասրահ՝ շենքին աննշան նյութական վնաս պատճառելով։ Դրանից հաշվված րոպեներ անց հատուկ ջոկատայինները մուտք գործեցին Միլիլ մեջլիսի շենքը՝ ցուցարարներին արագորեն վտարելով տարածքից։ Միլի մեջլիսի շենքը բողոքավորներից մաքրելուց հետո ոստիկանությունը մահակների, ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի կիրառմամբ սկսեց հետապնդել ցույցի մասնակիցներին։ Ցուցարարներն, ի դեպ, ակտիվորեն դիմադրում էին՝ քարերով ու շշերով հարվածելով ոստիկաններին, անգամ շրջեցին ոստիկանական մեքենաներից երկուսը։

«Մենք հայ չենք», «Մեզ մի ծեծեք»՝ ականատեսների վկայությամբ, դիմելով ոստիկաններին՝ գոռում էին ցույցի մասնակիցները, ոմանք էլ վանկարկում էին «Զաքիր Հասանով»՝ ըստ ամենայնի պահանջելով, որպեսզի պաշտպանության նախարարը դուրս գա ցուցարարների մոտ։ Բողոքի ակցիայի մասնակիցները Բաքվի կենտրոնական փողոցները լքեցին վաղ առավոտյան։

Ադրբեջանցի ցուցարարների գրգռվածության պատճառը թերևս այն թերահավատությունն է, որ առկա է հանրության շրջանում պաշտոնական տեղեկատվության հանդեպ։ Դա էր պատճառը, որ ցույցերի ամենաթեժ պահին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով երկրի բնակիչներին չհավատալ ռազմաճակատում տիրող կացության մասին սոցիալական ցանցերում տարածվող «սադրիչ տեղեկություններին»։

Այսօր կեսօրին համատեղ հայտարարությամբ հանդես եկան Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ու Գլխավոր դատախազությունը՝ հայտնելով, որ գիշերային իրադարձությունների առթիվ քրեական գործ է հարուցվել։ «Ի պաշտպանություն բանակի կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում մի խումբ սադրիչներ կոպտորեն խախտեցին կարգուկանոնը՝ ուժ կիրառելով և դիմադրություն ցուցաբերելով ոստիկանության աշխատակիցներին», - նշված է իրավապահ կառույցների համատեղ հայտարարության մեջ։

Ի դեպ, այսօր Բաքվում՝ «Շեհիդների ծառուղում» նախատեսվում էր մեծ շուքով վերջին հրաժեշտը տալ Հայաստանի Զինված ուժերի գործողությունների արդյունքում զոհված ադրբեջանցի զինվորականներին՝ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին և նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևին։ Վերջին պահին, սակայն, ադրբեջանական իշխանությունները որոշեցին սահմանափակել զինվորականների հուղարկավորության մասնակիցների թիվը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ հուղարկավորությանը ներկա ամենաբարձրաստիճան պաշտոնյաները նախարար Զաքիր Հասանովն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադիխովն էին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, վարչապետն ու խորհրդարանի խոսնակը զինվորականների հուղարկավորությանը ներկա չէին։ Հայտնի է միայն, որ Իլհամ Ալիևը հուղարկավորության ընթացքում զանգահարել է զոհված սպաների հարազատներին՝ նրանց հեռախոսով ցավակցություն հայտնելով։