ՀՀԿ-ի օգտին ընտրակաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատախազին

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի գործն ուղարկել է Գլխավոր դատախազություն, որ հաստատվի մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկվի դատարան։

Ըստ ՀՔԾ-ի, բավարար ապացույցներով հաստատվել է, որ ոմն Արթուր Բաբայանը 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին կաշառք է տվել՝ Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար։ Ընտրակաշառքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբոր՝ Ղուկաս Ուլիխանյանի համար է տրվել ընտրողին։ «Վերջինիս օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` այդ ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արթուր Բաբայանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, այդ թվում` յուրաքանչյուր քվեի համար նրանց որպես կաշառք տալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր», - հաղորդում է ՀՔԾ-ն։

Ըստ այդմ, տեղեկանալով, որ Երևան բնակիչներից մեկը որպես թոշակառու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ է դիմել աչքերի վիրահատությունը պետական միջոցների հաշվին իրականացնելու խնդրանքով, Արթուր Բաբայանը նրանից պահանջել է ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցել կայանալիք ընտրություններին և կողմ քվեարկել իր ներկայացրած անձի` պատգամավորի թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին՝ խոստանալով այդ դեպքում որպես կաշառք տալ առավելություն, այն է՝ ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի տրամադրումը: Ընտրություններին մասնակցելուց հետո քաղաքացին ուղեգրի հիման վրա բժշկական կենտրոնում ենթարկվել է աչքի անվճար վիրահատության, ինչի դիմաց պետության կողմից այդ բժշկական կենտրոնին փոխանցվել է ավելի քան 77 հազար դրամ:

Արթուր Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: