Ի աջակցություն Ալիևի և բանակի երթը Բաքվում ավարտվել է խորհրդարան ներխուժմամբ. ոստիկաններն ուժի են դիմել

Ադրբեջան - Ցուցարարները Բաքվում, 14-ը հուլիսի, 2020թ.

Երեկ երեկոյան Բաքվում հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ երթ անցկացնելու ի աջակցություն ադրբեջանական բանակի և նախագահ Իլհամ Ալիևի:

Այդուհանդերձ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, որոշ ցուցարարներ սկսել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմադին Սադիխովի հրաժարականի կոչեր անել:

Ավելի ուշ ցուցարարների մի խումբ ներխուժել է խորհրդարանի շենք, որտեղից, սակայն, արագ դուրս է մղվել ոստիկանների կողմից, որոնք այնուհետև ջրաշիթեր, արցունքաբեր գազ և մահակներ են գործածել շենքի դիմաց հավաքվածներին ցրելու համար:

Այսօր «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը հայտնեց, որ գիշերային անկարգությունների հետևանքով 7 ոստիկան է ուժել, ոստիկանության երկու ծառայողական ավտոմեքենա շարքից դուրս է եկել, ևս 14 ծառայողական ավտոմեքենաների և ճանապարհային ենթակառուցվածքին լուրջ վնաս է հասցվել: Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգությունների և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու, ուժ գործադրելու հատկանիշներով, կան ձերբակալվածներ, ընթանում է քննություն:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Հայկական կողմը երեկ հաստատել է, որ գործողություններից հետո դիրքային առումով առավել բարենպաստ վիճակում է, իսկ Ազգային ժողովի փոխնախագահը չի հերքել, որ Տավուշի մարզի Մովսես, Չինարի և Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղերի մոտ գտնվող Ղարադաշ բարձունքն այժմ հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է։