Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօրվա դատական նիստին միջնորդեց քրեական գործով նիստին հրավիրել մի քանի անձանց:
Մասնավորապես, հրավիրյալների ցանկում, ըստ նրա, պետք է ընդգրկել 2008 թ․ մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, ՍԴ նախկին դատավոր Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին, դատավորների Վլադիմիր Հովհաննիսյանին, և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ․ փետրվարի 24-ին նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։
Հրավիրյալների ցանկում Ալումյանը նշեց նաև Սամվել Մայրապետյանին, ով, ըստ նրա, կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանին՝ կաշառք ստանալու մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Մայրապետյանը, հիշեցնենք, մեղադրվում է ավելի քան 5 միլիարդ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքների կատարման համար, «որ նա օժանդակել է ՀՀ նախկին ղեկավար պաշտոնատար անձանց՝ նախնական համաձայնությամբ ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև օժանդակել է Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն»:
Ալումյանը նշեց նաև Միքայել Հարությունյանի մասին, ով ստորագրել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքում կարևոր նշանակություն ունեցող թիվ 0038 հրամանը։
Վերոնշյալ անձանց առաջարկվում է դատարան հրավիրել և հարցաքննել վկայի կարգավիճակով։ Իր հերթին Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց որպես վկա հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին, պարզելու համար՝ 300․1 հոդվածի փոփոխություններն արդյո՞ք կապված էին հենց 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու: