ՀՀ ՊՆ. Հակառակորդի արձակած կրակից զոհվել են 2 ժամկետային զինծառայողներ

Հայաստանի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր` հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Այսօր Ադրբեջանը հաղորդել է իր բարձրաստիճան զինվորականների սպանվելու մասին։ Օրվա առաջին կեսին Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերի հետ մարտերում զոհվել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ դիրքավորված Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր։