Արամ Պաչյան․ Քովիդը մեզ ևս մեկ անգամ ասեց, մենք նաև մեկ հավաքական ճակատագիր ենք կրում

Արամ Պաչյանը հայտնի անուն է ժամանակակից գրական աշխարհում: Մամուլում դեռ 10-12 տարի առաջ տպագրված նրա առաջին իսկ պատմվածքը հետաքրքրություն առաջացրեց, որից հետո էլ նրա հեղինակած գրքերը նրան ոչ միայն մեր հասարակության մեջ ճանաչում բերեցին, այլև տարբեր անվանակարգերում մի շարք գրական մրցանակների ու պարգևների արժանացրին, այդ թվում` 2009 թվականին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի գրականության ասպարեզում:

Արամ Պաչյանի հերոսներն իր սերնդակիցներն են, իրենց հոգսերով ու խնդիրներով դեպի ինքնաճանաչողություն մղվող երիտասարդներ, ովքեր փորձում են նաև միմյանց հետ փոխհարաբերություններում իրենց համար արժեքներ որոնելու ուղիներ գտնել: Արամ Պաչյանի ստեղծագործությունները թարգմանվել են մի ծարք լեզուներով:

«Ազատության» հետ զրույցում Արամ Պաչյանը նախ խոսեց այն մասին, թե ինչ ազդեցություն է թողել արտակարգ դրության ժամանակահատվածն իր ստեղծագործական գործունեության վրա. – «Ո'չ խթանել է, ո'չ հուսահատեցրել: Հենց առաջին օրերից ես ու ռեժիսոր Արթուր Սուքիասյանը էջ բացեցինք Ֆեյսբուքում, կոչվում է «Հիշելով կարդացողին», ու էնտեղ մեր պատկերագրումներն ենք անում: Վիդեոներ են, որտեղ տեքստ ենք օգտագործում ու պատկերներ: Ե'վ իմ տեքստերն ենք օգտագործում, և' Արթուրը իր ստեղծարար մոտեցումներն է դրսևորում»:

«Ազատություն». – Իսկ ստեղծագործական ընթացքը... արդյո՞ք նոր պատմվածքներ, վիպակներ չծնվեցին այս ընթացքում:

Պաչյան. – Մի հատ եռապատում եմ գրել, հրապարակվել է «Հրապարակ» օրաթերթում: Կոչվում է «Հիշելով ժանտախտի տարվա օրագիրը»: «Ինքնագրում» երեք պատմվածք եմ հրատարակել:

«Ազատություն». – Այնուամենայնիվ, արդյունավետ ինչ-որ ընթացք ունեցել եք:

Պաչյան. – Այս աղետը շատ հետաքրքիր, ուրույն հատկություն ունի, ու դեռ երկար կուսումնասիրեմ: Ինքը մի քիչ էլ աներևույթ է, շատ դանդաղ է ներգործում: Էնպես որ, մեր օրվա ռիթմը պահել ենք ու ինչ կարող ենք, փորձել ենք անել, ինչ զգացել ենք, ինչ մտածել, խորհել ենք, դա ինչ-որ բանի ենք վերածել ու մատուցել ենք մարդկանց:

«Ազատություն». – Իսկ զուտ բարոյահոգեբանական առումով այս իրավիճակը ի՞նչ ազդեցություն է թողնում գրողի վրա, մասնավորապես Ձեզ վրա:

Պաչյան. – Խորհելու առիթ է, ևս մեկ անգամ խորհելու առիթ է: Փորձությունը միշտ էդպես է... Քովիդը մեզ ևս մեկ անգամ ասեց, մենք նաև մեկ հավաքական ճակատագիր ենք կրում, պիտի միասին լինենք էս պահին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Your browser doesn’t support HTML5

Արամ Պաչյան․ Քովիդը մեզ ևս մեկ անգամ ասեց, մենք նաև մեկ հավաքական ճակատագիր ենք կրում