ՀՀ ՊՆ. Հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է

Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի», - փոխանցում է նա։

Երեկ կեսօրից հետո կտրուկ սրվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում, կողմերը հրետանային կրակ են կիրառում: Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները՝ հայտարարելով, որ «սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: