Ադրբեջանական կողմը 82 մմ ականանետից և տանկից վերսկսել է հրետակոծել այն նույն դիրքի ուղղությամբ, որտեղ այսօր ավելի վաղ ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էր կատարել, փոխանցում է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, «սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել»:
Հայկական կողմը հայտնել էր, որ կորուստներ չի ունեցել, իսկ ադրբեջանական ՊՆ-ն հաղորդում է 3 զոհի մասին: