Ընտրակաշառքի գործով մեղադրյալ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն առերեսվել է իր և Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք տված Վազգեն Պողոսյանի հետ։
Օրերս կալանքից ազատ արձակված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Անանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ առերեսման ժամանակ Պողոսյանի պնդումներն այլ բովանդակություն ստացան։
«Ընդունեց, որ այդ մարդու հետ երբևէ ընտրակաշառքի հետ կապված հանգամանք չի քննարկել և նրան երբևէ հաշվետվություն չի ներկայացվել: Բայց պնդեց, որ մի անգամ գումար է վերցրել, ըստ այդմ էլ ասաց, որ «չեմ բացառում, որ մեկնումեկը խնդրած լինի, ես փոխանցած լինեմ, առանց իմանալու, թե այդ գումարն ինչ նպատակի պիտի ծառայի», - ասաց Անանյանը:
ԲՀԿ նախկին պատգամավոր Մանուկյանը, ըստ իրավապահների, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և այլոց հետ հանցակցությամբ կազմակերպել է ընտրողներին կաշառք տալը։
Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել էր, որ «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանի աշխատավայրում մեկ այլ քրեական գործով խուզարկության ժամանակ հայտնաբվերվել են 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանման մասին փաստաթղթեր։ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը դեռ փետրվարին էր իրավապահներին հայտնել ընտրակաշաքի բաժանման մասին։
Ըստ դատախազության, չբացակայելու մասին ստորագրություն տված Վազգեն Պողոսյանը պատմել է, թե Ծառուկյանը հանդիպել է իր հետ, առաջարկել մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ 9 հազար ձայն բերի։ Եվ որ այդ պայմանավորվածության համաձայն, Ծառուկյանի բիզնես կառավարիչ Սեդրակ Առուստամյանից և Աբրահամ Մանուկյանից ստացել է 10 հազար դրամանոցներից բաղկացած ընդհանուր առմամբ 90 միլիոն դրամ, որը պետք է բաժանվեր ընտրողներին:
Ծառուկյան խմբակցության նախկին պատգամավոր Մանուկյանը դեռևս չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը, որով նա ազատ արձակվեց կալանքից։ Առաջին ատյանի դատարանը նրան կալանավորել էր հունիսի 27-ին։ Ըստ փաստաբանի, այս դատարանը հիմնավոր էր համարել կասկածը, որով Մանուկյանը կատարել է այդ հանցագործությունը։
«Ազատության» հարցին, արդյո՞ք գործը քննող քննիչները ևս կիսում են իր կարծիքը, որ Վազգեն Պողոսյանը առերեսման ժամանակ, ըստ էության, այլ ցուցմունք է տվել, Աբրահամ Մանուկյանի փաստաբանը պատասխանեց. «Պետք է, բանականաբար, մյուս կողմ իր պնդումն աներ, որ չէ, դա այդպես չի, բայց ունենք այն, ինչ որ արձանագրված է»:
Վազգեն Պողոսյանի փաստաբանն օրերս «Ազատությանը» փոխանցել էր, որ առաջիկայում նա հանդես կգա հայտարարությամբ։ Պողոսյանի հետ առերեսվել է նաև ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող Գագիկ Ծառուկյանը։ Նրա փաստաբաններն «Ազատությանը» ևս ասել էին, թե տարակարծություններ առաջացնող ցուցմունքի հետևանքով ի հայտ եկած կասկածները փարատվել իրենց օգտին։
«Դրանց մանրամասները ես այս պահին չեմ ցանկանում ներկայացնել, ուղղակի ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այդ տարակարծություններ առաջացնող ցուցմունքի արդյունքում բոլոր կասկածները փարատվել են կոնկրետ մեր մոտ: Հույս ունեմ, որ դրանք ուսումնասիրելուց հետո նաև վարույթն իրականացնող մարմնի և դատարանի մատ կփարատվեն այդ կասկածները: Առերես հարցաքննության ընթացքում վերջնականապես պաշտպանական կողմը ևս ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները, և ավելի քան համոզված ենք և վերահաստատում ենք մեր պնդումն այն մասին, որ հիմնավոր կասկածն առհասարակ բացակայում է», - նշեց Ծառուկյանը պաշտպանը:
Նույն այս գործով օրերս կալանավորվեց «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը։ Նա ևս մեղադրվում է ընտրակաշառք բաժանելը կազմակերպելու համար։ Նրա փաստաբան Էմին Բեգլարյանն «Ազատությանը» փոխանցեց՝ բողոքարկել են Ասատրյանին 2 ամսով կալանավորելու որոշումը։ Ասատրյանի դեպքում ևս դատարանը գտել է, որ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այդ հանցագործությունը։ Փաստաբանը, սակայն, պնդում է՝ չկան ապացույցներ։ Բացի դա, Ասատրյանին պատկանող բնակարանի խուզարկության ժամանակ այդ որոշման մեջ այլ հասցե է նշվել։ Սա արդեն անօրինական է, ասաց փաստաբանը։
«Այսինքն եթե մեղսագրում են խմբի կողմից կատարված արարք, ապա քննիչը պարտավոր էր հստակ նշել, թե խմբի անդամներն ովքեր են և բացի այդ նշել, թե այդ խմբի անդամներից կոնկրետ ով ինչ դերակատարություն է ունեցել», - ընդգծեց Բեգլարյանը:
2017-ին ընտրակաշառք բաժանելու և խոստումների մասին դեռ մեկ ամիս առաջ «Ազատության» հետ զրույցում խոսել էին Լոռիի Գոգարան գյուղի բնակիչները, հնչեցնելով նաև Վանիկ Ասատրյանի անունը։
ԲՀԿ -ի ընտրակաշառքի գործով անցնող երեք մեղադրյալներն էլ մեղադրանքը չեն ընդունում։ Ավելին, Գագիկ Ծառուկյանը այս ամենը համարում է քաղաքական հետապնդում այն բանից հետո, երբ պահանջեց կառավարության հրաժարականը։ Իշխանությունն իր հերթին հորդորում է կատարվածը դիտարկել իրավական հարթությունում։