Թրամփը մեղմել է իր ընկեր և խորհրդական Սթոունի պատժաչափը

Նախագահ Դոնալդ Թրամփի բարեկամ և խորհրդական Ռոջեր Սթոունը, Վաշինգթոն, 20 փետրվարի, 2020թ.

Նախագահ Դոնալդ Թրամփը մեղմել է իր վաղեմի ընկեր և խորհրդական, հանրապետական կուսակցության ակտիվիս Ռոջեր Սթոունի դատավճիռը:

74-ամյա Թրամփի և 67-ամյա Սթոունի բարեկամությունը տասնամյակներ առաջ է սկսվել:

Սթոունը մեղադրվել է 2016 թվականի նախագահական ընտրություններում ռուսների միջամտության հանգամանքները հետաքննող օրենսդիրներին՝ երդման տակ, սուտ տեղեկություններ տրամադրելու մեջ և դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Նա պետք է հուլիսի 14-ին ներկայանար դաշնային բանտ՝ պատիժը կրելու համար, սակայն Թրամփը մեղմել է դատավճիռը և Սթոունին փրկել է բանտից:

«Շնորհակալ եմ, պարոն նախագահ, շնորհակալ եմ այս հնարավորությունն ինձ առաջարկելու, կյանքս փրկելու համար, չեմ կարծում, որ իմ տարիքում և առողջական վիճակում ես կվերապրեի կորոնավիրուսով վարակված բանտում, անցած շաբաթ այնտեղ ավելի քան 20 դեպք է գրանցվել»,- ասել է Ռոջեր Սթոունը:

Դեմոկրատները քննադատել են Սթոունի պատժաչափը մեղմելու Թրամփի որոշումը և այն անվանել են «օրենքի գերակայության սկզբունքի ոտնահարում»:

Նախագահը ոչ թե ներում է շնորհել, այլ մեղմել է պատժաչափը: ԱՄՆ սահմանադրությունը նախագաներին ընձեռում է պատիժը կրելու կատարումը հետաձգելու, պատժաչափը մեղմելու և ներում շնորհելու իրավունք, բացառությամբ իմփիչմենտին առնչվող գործերի: