Աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվը հատել է 12,5 միլիոնի շեմը, մահացել է ավելի քան 560 հազարը

228 հազար վարակի նոր դեպք, սա կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է մեկ օրվա կտրվածքով: Վարակակիրների ընդհանուր թիվը աշխարհում հատել է 12,5 միլիոնի շեմը, մահացածների թիվը վերջին տվյալներով ավելի քան 560 հազար է:

Թե՛ զոհերի, թե՛ վարակակիրների ամենամեծ թիվը արձանագրվել է Միացյալ Նահանգներում: Միայն վերջին 24 ժամվա ընթացքում Նահանգներում հերթական ռեկորդային բարձր թիվն է արձանագրվել՝ ավելի քան 70 հազար նոր դեպք։ Համաճարակային ամենածանր կացությունը Կալիֆորնիայում է, Ֆլորիդայում, Թեքսասում, Ջորջիայում։

Միայն Կալիֆորնիայում հաստատվել է 7 հազար 700 նոր դեպք, նահանգի իշխանությունները հայտարարել են շուրջ 8 հազար բանտարկյալների վաղաժամ ազատ արձակելու մասին՝ այդկերպ փորձելով կանխել կալանավայրերում վարակի տարածումը։

Ֆլորիդայի իշխանությունները հայտնում են հիվանդանոցների գերծանրաբեռնվածության մասին՝ վերակենդանացման բաժանմունքները լեփ լեցուն են: Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է՝ եթե առաջիկայում վարակակիրների թվերը շարունակեն աճել նույն տեմպով, ապա ստիպված կլինեն վերականգնել հակահամաճարակային կոշտ սահմանափակումները։

Համաճարակի մյուս թեժ կետը Լատինական Ամերիկան է, կորոնավիրուս է հաստատվել տարածաշրջանի մի շարք քաղաքական առաջնորդների մոտ, տարբեր գնահատականներով ավելի քան չորս տասնյակ նախարարների, քաղաքապետերի, նախագահների մոտ, այդ թվում՝ Բրազիլիայի 65-ամյա նախագահ Ժաիր Բոլսոնարուն, Բոլիվիայի 53-ամյա նախագահ Ժանին Անյեսի:

Բոլիվիայում վերջին շաբաթներին համաճարակային կացությունը կտրուկ սրվել է՝ վտանգելով առանց այդ էլ երերուն առողջապահական համակարգը: Ճգնաժամի պատճառով, մի շարք սոցհարցումների համաձայն, կտրուկ անկում է արձանագրել նախագահ Անյեսի վարկանիշը, ով պատրաստվում էր սեպտեմբերին նախատեսված նախագահական ընտրություններում վերընտրվել:

Ավելի վաղ կորոնավիրուս էր հաստատվել նաև Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Հերնանդեսի մոտ, ով շաբաթներ տևած բուժումից հետո անցած շաբաթ ի վերջո ապաքինվել է: Վենեսուելայի երկրորդ ամենաազդեցիկ քաղաքական գործչի՝ Սոցիալիստական կուսակցության 57-ամյա առաջնորդ Դիոսդադո Կաբելլոն նույնպես վարակված է, կորոնավիրուսի թեստը դրական էր նաև երկրի նավթի նախարար Տարեկ Էլ Այսամիի մոտ:

Լատինական Ամերիկայում համաճարակից ամենաշատը թերևս տուժել է տարածաշրջանի խոշորագույն երկիրը՝ Բրազիլիան, որտեղ նոր վարակակիրների թիվը կազմում է 45 հազար, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս 1214 մարդ։ Այսպիսով երկրում վարակակիրների ընդհանուր ցուցանիշը ավելի քան մեկ միլիոն 800 հազար է, մահացել է 70 հազար 398 մարդ։

Վարակի տարածման մյուս թեժ օջախը Հնդկաստանն է՝ 800 հազար վարակակիր, որից ավելի քան 27 հազարը հաստատվել է վերջին 24 ժամվա ընթացքում, զոհերի թիվը հատել է 22 հազարի շեմը:

Եվրոպական երկրներում ի տարբերություն անցած ամիսների, երբ նոր դեպքերի օրական ցուցանիշը արձանագրվում էր հազարի սահմաններում, այժմ մի քանի հարյուրի սահմաններում է: Համաճարակից ամենաշատը տուժած Իսպանիայում այդուհանդերձ իրավիճակը մտահոգիչ է, ուրբաթ օրը կորոնավիրուս է հաստատվել 852 մարդու մոտ, այդ ցուցանիշը ամենաբարձրն է վերջին մի քանի շաբաթների կտրվածքով: Երկրում վերջին յոթ օրվա ընթացքում հաստատվել է COVID19-ի մոտ երեք հազար դեպք, նոր բռնկումներ են արձանագրվել մի շարք շրջաններում, այդ թվում՝ Կատալոնիայի դաշտերում աշխատող բանվորների շրջանում:

Իտալիայում մտադիր են մինչև տարեվերջ երկարաձգել համաճարակի պատճառով սահմանված արտակարգ ռեժիմը։ Վարչապետ Ջուզեպպե Կոնտեն նշել է, որ դա կօգնի կառավարությանը ավելի արագ որոշումներ ընդունել վարակի հնարավոր տարածումը կանխելու համար:

Իրանում, որտեղ բախվել են համաճարակի երկրորդ ալիքին, իշխանությունները մտադիր չեն կրկին փակելու երկիրը: Այս մասին հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին՝ ընդգծելով, որ չեն կարող տնտեսությունը կրկին վտանգի ենթարկել: Փետրվարից ի վեր երկրում կորոնավիրուսով է վարակվել շուրջ 252 հազար մարդ, որից 12 հազար 400-ը մահացել է:

Վարակի օջախը համարվող Չինաստանում վերջին մեկ օրվա ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի ընդամենը երկու նոր դեպք, վարակակիրները ժամանել են արտասահմանից, հայտնում են երկրի իշխանությունները: Չինաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է 83 հազար 587 դեպք, մահացել՝ 4634-ը։