Վանաձորում «Մ. Բուատ» ճանապարհաշինական ընկերությունը ստիպված կլինի անցած տարի հիմնանորոգած փողոցներից մեկը կրկնակի ասֆալտապատել, քանի որ կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ կատարված աշխատանքը չի ընդունվել պատվիրատուի կողմից. լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ասֆալտն անորակ է։
Լոռու մարզպետն ու Վանաձորի համայնքապետը շրջում էին քաղաքում՝ ծանոթանալու աշխատանքներին։ Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասաց՝ շինարարին չեն վճարի, քանի դեռ վստահ չեն, որ հիմնանորոգված ճանապարհները երկար կգոյատևեն։ Շինարարական կազմակերպության տնօրեն Թովմաս Ալեքսանյանն ընդունում է, որ աշխատանքն անորակ են արել և խոստանում սեփական միջոցներով նորից ասֆալտապատել ճանապարհը, 20 օրում ավարտել կես տարի ձգձգված աշխատանքները։
Վանաձորի ևս մեկ փողոցի դեպքում հիմնանորոգված ճանապարհի որակի վերաբերյալ երկու տարբեր լաբորատորիաներ տվել են երկու իրար հակասող եզրակացություն։ Շինարարի պատվերով «Աբաջյան» ընկերությունը լաբորատոր փորձաքննությամբ համարել է, որ ասֆալտի խտությունն ու այլ անհրաժեշտ չափանիշներ համապատասխանում են պահանջներին։ Մինչդեռ կառավարությունը չի վստահել այս արդյունքներին ու դիմել է մեկ այլ լաբորատորիա՝ «Հայավտոճան» ընկերությանը, որի տված եզրակացությամբ, արդեն, ասֆալտն անորակ է։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ո՞ր լաբորատորիայի եզրակացության մեջ կեղծիք կա։
«Որպեսզի պարզենք, թե որն է իրականությունը, այլ քայլ չէր մնում, բացի այն, որ դիմենք դատախազություն և փորձաքննություն իրականացվի և պարզենք, թե «Աբաջյան» ՍՊԸ-ն ուզում է մեզ մոլորեցնի և պետական ու համայնքային միջոցներ մսխի, թե «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի լաբորատորիան է ինչ-որ խնդիրներ առաջացրել: Ես վստահ եմ, որ «Հայավտոճան»-ինը իրական պատասխանն է», - ասաց մարզպետը:
«Ազատության» հարցին, թե իր տպավորությունն անզեն աչքով ինչպիսի՞ն է, Անդրեյ Ղուկասյանը պատասխանեց. «Անցած տարի ունեինք 4 կամ 5 փողոց, հատված, որ արվել էր, որից մեկը արդեն իսկ քանդված է»:
Շինարարական կազմակերպության տնօրեն Թովմաս Ալեքսանյանը հակադարձեց՝ դատախազության պատասխանը ձգձգվում է, դեռ անցած տարվանից կառավարությունն ու համայնքն ավելի քան 80 միլիոն դրամի պարտք ունի ընկերությանը, անգամ աշխատավարձ չեն վճարել։
«Այս պահին անորոշության մեջ է կազմակերպությունը, մի լաբորատորիա տալիս է դրական, մի լաբորատորիա՝ բացասական ու արդեն 7 ամիս է մի հատ երրորդ քայլ չի արվում: Մի հատ քայլ, որ եղել է, դատախազությունում է գործերը, ուրիշ ոչ մի բան», - ասաց Ալեքսանյանը:
Անցած տարի «Մ. Բուատ» ընկերությունը սուբվենցիոն ծրագրերի մրցույթում հաղթել ու պարտավորվել էր Վանաձորում հիմնանորոգել 14 փողոց՝ 164 միլիոն դրամի դիմաց։ Գրեթե մեկ տարում պարտավորությունները կիսով չափ է իրականացրել՝ ընդամենը 6 փողոց է հիմնանորոգել, որոնցից պատվիրատուն միայն մեկն է ընդունել։ Մեկ փողոցի գործերը դատախազությունում են, մնացած փողոցների մասով՝ սպասում են կրկնակի լաբորատոր հետազոտության արդյունքներին:
Նախորդ տարի ընկերությունը սահմանված ժամկետում չէր ավարտել աշխատանքը։ Կառավարությունը զիջել ու երկարաձգել էր ժամկետը մինչև այս տարվա օգոստոս։ Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն ասաց՝ այս տարի գործը հասել էր անգամ շինարարի հետ պայմանագիրը խզելուն։
«Անցյալ շաբաթ մենք առաջարկություն արեցինք, որպեսզի խզման գնանք, և իրենք գրավոր, բանավոր խոստացան, որ 10-օրյա ժամկետում իրենք օրական 1000-1500 քառակուսի մետր կասֆալտապատեն, կվերջացնեն աշխատանքները: Հիմա հետևում ենք աշխատանքների ընթացքին», - նշեց Ասլանյանը:
«Մ. Բուատ» ընկերությունը 7 տարի ճանապարհաշինությամբ է զբաղվում։ Տնօրեն Թովմաս Ալեքսանյանն ասաց՝ այս տարի առաջին անգամ չեն մասնակցել որևէ մրցույթի։ Չեն մասնակցի, քանի դեռ վախեր ունեն, որ չեն հաղթահարի իրենց առաջադրվող պահանջները։
«Նախկինում էլ ենք մասնակցել, իհարկե, տարբերություն կա, ամեն ինչ արվում է, որպեսզի որակով աշխատանք լինի», - նշեց տնօրենը:
2020 թվականին Լոռու մարզում իրականացվելիք շինարարական ծրագրերի համար արդեն մրցույթներ հայտարարվել են, բայց չորս մասով հայտարարված մրցույթներից միայն մեկի դեպքում է հաղթող եղել։ Մյուս երեք լոտի մրցույթները երկրորդ անգամ կանցկացվեն։ Լոռու մարզպետն ասում է, մինչդեռ, չեն մտահոգվում։
«Դա այս պահի դրությամբ գուցե խնդիր է, որ մենք երկրորդ անգամ ենք մրցույթ հայտարարել և կփորձենք այդ խնդիրը լուծենք, բայց մեր համար կարևոր է, որ հենց այն ընկերությունները, որոնք պետք է դիմեին, հաղթեին և աշխատանքները չկարողանային իրականացնել, նրանք չդիմեն: Մենք ավելի լավ է մի փոքր դժվարությամբ, բայց ներգրավենք կարող շինարարական ընկերություններ և ստանանք որակյալ աշխատանք», - ասաց Ղուկասյանը:
Մարզի ղեկավարի գնահատմամբ՝ անորակ աշխատանքի պատճառը ծրագրերի պատվիրատու հանդիսացող համայնքապետարանի անբավարար վերահսկողությունն է։