Երևանում այսօր մեկնարկում է MUSIC-20 առցանց միջազգային երաժշտական փառատոնը

Արտակարգ դրության այս ողջ ժամանակահատվածում մեր բոլոր նվագախմբերը, երգչախմբերն ու պարախմբերը հնարավորություն չեն ունեցել համերգասրահներում հանդես գալ և մինչև վերջերս զրկված էին արգամ փորձեր կատարելուց՝ բոլորիս հասկանալի պատճառով: Եվ ահա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի կունենա MUSIC-20 առցանց միջազգային երաժշտական փառատոնի բացումը:

Փառատոնին մասնակցության համար Երևան են ժամանում ավելի քան երկու տասնյակ հանրահայտ երաժիշտ կատարողներ, դիրիժորներ, կատարողակական արվեստի լավագույն ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հուլիսի 10-28-ը համերգներով հանդես կգան մարզահամերգային համալիրում:

Փառատոնը կանցկացվի առանց հանդիսատեսի, բայց ուշագրավ է, որ առաջին անգամ այս ամիսների ընթացքում նվագախումբն ու մենակատարները ելույթ կունենան միասին: Համերգները, բնականաբար, կհեռարձակվեն առցանց:

Մարզահամերգային համալիրում, ինչպես հավաստիացնում են փառատոնի կազմակերպիչները` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն ու Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, պահպանվելու են անվտանգության բոլոր պահանջները:

Փառատոնի ծախսերն ամբողջովին հոգացել է Կոնստանդին Իշխանովի գլխավորած Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը:

Մեր անվանի երաժիշտները շատ կարևոր են համարում նման ձեռնարկը:

Մասնավորապես, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի համոզմամբ, արդեն եկել է ժամանակը պետության կողմից արվեստի, մշակույթի պահպանման ու զարգացման համար լուրջ քայլեր կատարելու, հատկապես համավարակի պայմաններում. – «Սա արդեն աբսուրդ ա, որ տրանսպորտը աշխատում ա, որտեղ հազարավոր մարդիկ օրական մտնում-դուրս են գալիս, իսկ, ասենք, համերգասրահը չի կարող ոչ մի կերպ աշխատել: Զարմացա, որ մեր երկրում հնարավոր է այսօր այդպիսի փառատոն անել: Ես կողմ եմ, իհարկե կողմ եմ, որ և Ֆիլհարմոնիկը աշխատի, և ինչ-որ ձև գտնենք, որպեսզի արվեստը չմահանա մեր երկրում: Ես ամեն դեպքում ուզում եմ, որ մի հատ լուրջ խոսակցություն լինի արվեստի մարդկանց, մշակույթի մարդկանց և ղեկավարության միջև, որոնք ժողովրդի ղեկավարներն են, նաև` մեր, ուստի մեր կարծիքը պիտի լսվի էդտեղ, և մի հատ ձև մշակենք, որպեսզի ամեն ինչ կոլապսի չենթարկվի: Եվ առաջին հերթին` մշակույթը, որովհետև առանց մշակույթի ոչ մի բան չի լինելու»: