Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը սպառնացել է պաշտոնանկ անել կառավարության նախարարներին, եթե կորոնավիրուսի համավարակի տարածումը չկասեցվի:
«Հուսով եմ, իրավիճակը երկու շաբաթում կբարելավվի, այլապես ստիպված կլինենք պարզել, թե արդյոք կառավարությունը կարո՞ղ է աշխատել ներկայիս կազմով», - ասել է Տոկաևը:
Նրա փոխանցմամբ, գործադիրը կստանա համավարակի դեմ պայքարելու համար լրացուցիչ 150 միլիարդ տենգե, ինչը հավասար է 363 միլիոն դոլարի:
Ղազախստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 54 հազար 740 մարդ, մահացել է 280 հիվանդ:
Հարևան Ղրղըզստանում վարակվել է 9 հազար 358 մարդ, մահացել է 122 հիվանդ:
Ուզբեկստանում վարակվել է 11 հազար 259 մարդ, մահացել է 47 հիվանդ, այդ երկրում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև օգոստոսի 1-ը:
Տաջիկստանում ախտահարվածների թիվը հասել է 6 հազար 410-ի, մահացել է 54 մարդ:
Թուրքմենստանը տարածաշրջանի միակ երկիրն, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուս ընդհանրապես չկա: Սակայն «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների փոխանցմամբ, տեղական հիվանդանոցները լցված են հիվանդներով, ովքեր ունեն կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ:
Այդ բուժհիմնարկներում կան մահվան դեպքեր և՛ հիվանդների, և՛ աշխատողների շրջանում: