Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը հանդիպման ընթացքում նշել է. «Ուզում եմ Ձեր միջոցով շնորհավորել նաև Արցախի ողջ ժողովրդին, որովհետև նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ժողովրդավարական ձևով: Շնորհակալությունս փոխանցեք նաև նախագահական ընտրությունների մյուս մասնակիցներին, որոնք անձնապես չհաղթեցին, բայց հաղթեցին միասին՝ ցույց տալով աշխարհին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական երկիր է, ինչպես նաև՝ ազատ երկիր, որտեղ անցկացվում են ազատ ընտրություններ: Նրանք պետք է հպարտ լինեն, քանի որ իրենց ներդրումն ունեցան գործընթացում: Ուզում եմ Ձեզ, ինչպես նաև Արցախի բոլոր քաղաքացիներին նախ և առաջ մաղթել առողջություն: Վստահ եմ, որ հաղթահարելու ենք նաև այս դժվարին վիճակը և առաջ ենք գնալու՝ ամրապնդելով և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունը»:
Արցախի նախագահը նշել է, որ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների մեծ մասը ներկա քաղաքական իշխանության մաս է կազմում և պատրաստակամ է ապահովել երկրի առաջընթացն ու զարգացումն, իսկ նրանք, ովքեր ներգրավված չեն, նույնպես շարունակում են իրենց գործունեությունը հանուն Արցախի: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի իշխանություններին՝ Արցախի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերին աջակցելու համար. «Ուզում եմ նշել, որ միասին մեզ հաջողվելու է ոչ միայն հաղթահարել իրավիճակն, այլև մեր հայրենիքի զարգացման ուղղությամբ առաջընթաց ապահովել»:
Արմեն Սարգսյանի և Արայիկ Հարությունյանի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Արցախի փոխգործակցությանն, Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին:
Արմեն Սարգսյանը նաև հանդիպել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ: