Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին կես միլիոն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն:

Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն: Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ-առևտրային կազմակերպությունների ֆինանսավորմանը, ասված է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի հաղորդագրությունում:

Կովկասի բնության հիմնադրամը (CNF- Caucasus Nature Fund) ավելի քան 10 տարի Հայաստանում աջակցություն է ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին, համաֆինանսավորում պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը: 10 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան 5 միլիոն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին, նշված է հաղորդագրությունում: