Նիդերլանդները Հայաստանին 200 հազար եվրո է հատկացրել Covid-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ սարքավորումների համար

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մայիս, 2020թ.

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 հազար եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։

Ըստ Նիդերլանդների արտգործնախարարության և Հայաստանի առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PCR թեստավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն, ասված է ՀՀ արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:

ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք կառաքվեն մոտ ժամանակներս։