Արցախում կորոնավիրուսի ևս 4 դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասավ 146-ի, 116-ը բուժվել են

Հայաստանում արտադրված Covid-19-ի ախտորոշման թեստեր, հունիս, 2020թ.

Արցախում անցած մեկ օրում կորոնավիրուսի վարակի 4 նոր դեպք է հաստատվել:

«Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ: Եվս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ», - հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը՝ բուժվածների ընդհանուր թիվը հասավ 116-ի:

«Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 77, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 30 քաղաքացի:

Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է», - ասված է հաղորդագրությունում:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2522 թեստավորում: