Գերագույն դատարանը պարտավորեցրեց Թրամփին հրապարակել հարկային փաստաթղթերը

ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտս, արխիվ

ԱՄՆ Գերագույն դատարանը երեկ պատմական որոշում կայացրեց` մերժելով Դոնալդ Թրամփի պնդումը, թե նախագահն անձեռնմխելի է և չի կարող կանչվել դատաքննության: Ձայների գերակշռող մեծամասնությամբ` 7 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ, բարձրագույն ատյանը վճռեց` նախագահի լիազորություններն անսահմանափակ չեն, նա բարձր չէ որևէ մեկից ու օրենքից և պարտավոր է Նյու Յորքի դատախազությանը փոխանցել վերջին ութ տարիների հարկային հայտարարագրերը:

Դիրքորոշումը հիմնավորելու համար դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը մեջբերել էր անցած 200 տարվա ընթացքում` Ջեֆերսոնից մինչև Քլինթոն արձանագրված նախադեպերն ու փաստել` ԱՄՆ նախագահը երկրի քաղաքացիներից մեկն է և նրանցից յուրաքանչյուրի նման պարտավոր է վկայություն տալ ու ներկայացնել այն փաստաթղթերը, որոնք պահանջվում են հետաքննությամբ:

Սա, սակայն, չի նշանակում, որ դատախազները կարող են վաղն ևեթ փաստաթղթերին ծանոթանալ: «Բավարարելով նրանց դիմումը` բարձրագույն ատյանը միաժամանակ որոշեց գործը կրկին ուղարկել առաջին ատյան », - պարզաբանում է Միչիգանի համալսարանի իրավաբանության դպրոցի պրոֆեսոր Ռիչարդ Լեմպերտը: - «Գերագույն դատարանի հիմնական եզրակացությունը հետևյալն էր` նախագահն անձեռնմխելի չէ և ոչ էլ օժտված է հատուկ առավելությամբ: Մյուս կողմից, դատարանը նաև որոշեց, որ որոշ փաստաթղթերի դեպքում կարող են լինել առանձին առարկություններ` սահմանադրականության կամ այլ հիմքերով, ուստի գործն ուղարկեց ստորին ատյան, որպեսզի նախագահն ու նրա փաստաբանները հնարավորություն ունենան այդ փաստարկները ներկայացնել»:

Նյու Յորքի դատախազից բացի Դոնալդ Թրամփի ֆինանսական հաշվետվությունները ստանալու համար Գերագույն դատարան էին դիմել նաև ընդդիմադիրների` դեմոկրատների վերահսկողության տակ գտնող կոնգրեսական երեք հանձնաժողովներ: Նրանց դիմումը Գերագույն ատյանը մերժեց, միաժամանակ գործն ուղարկեց նոր քննության, փաստելով` հայցվոր կողմը պարտավոր է հավելյալ հիմքեր ներկայացնել ու ապացուցել, որ նախագահի դեմ սկսված քննությամբ չի խախտում ուժերի հավասարակշռության սկզբունքը:

«Դատարանը նշեց, որ օրենսդիրների հիմնավորումները պետք է անբիծ ու համարժեք լինեն, ինչը իրականում նշանակում է, որ եթե, ասենք, Թրամփի վերընտրությունից հետո Սենատը կամ Ներկայացուցիչների տունը կրկին փորձեն դատական կարգով ստանալ նրա փաստաթղթերը, պետք է շատ մանրազնին ու ճշգրիտ կազմեն հայցադիմումը», - ասում է իրավագիտության պրոֆեսոր Ռիչարդ Լեմպերտը:

Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին արդեն իսկ հայտարարել է, որ շարունակելու են պայքարը, մինչև անհրաժեշտ փաստաթղթերը չստանան:

«Գերագույն դատարանը, այդ թվում` նախագահի կողմից նշանակված դատավորները հայտարարել են, որ նա օրենքից վեր չէ: Ճանապարհը, որ առանձնացվել է վճռում, ամենահասանելիներից մեկն է մեզ համար, և մենք կշարունակենք գնալ այդ ուղով», - ասել է Փելոսին:

Նախագահ Թրամփը որոշմանն արձագանքեց հրապարակումից րոպեներ անց. Թվիթերում. մեկը մյուսին հաջորդող` մոտ մեկ տասնյակ գրառումներում նա անընդհատ միևնույն միտքն էր ընդգծում` սա քաղաքական հաշվեհարդար է ու իր նկատմամբ անարդար վերաբերմունք:

«Սա վհուկների որս է, որի նմանը մինչ այս որևէ մեկը չի տեսել, սա խաբեություն է` Մյուլերի հետաքննության նման, որտեղ ես հաղթեցի: Զուտ քաղաքական հետապնդում», - պնդում էր նա:

Նախկինում գործարար Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների` մինչ օրս ամենահարուստն նախագահն է, միաժամանակ՝ միակը վերջին հիսուն տարում, ով չի հրապարակել իր հարկային հայտարարագիրը: Ավանդույթի հիմքը դրել էր Ռիչարդ Նիքսոնը՝ պնդելով, թե հանրությունն իրավունք ունի իմանալ` ինչ եկամուտներ է ստացել նախագահը և ինչպես է տեր դարձել իր կարողությանը: Թրամփը, մինչդեռ, ավելի քան երեք տարի է` պնդում է, թե չի կարող իր փաստաթղթերը հրապարակել, քանի որ դրանք գտնվում են աուդիտի տակ:

Ընդդիմախոսները, սակայն, այլ կասկածներ ունեն: Նյու Յորքի դատախազությունը, մասնավորապես, փորձում է այդ փաստաթղթերով հասկանալ` որքանով են ճշմարիտ երկու նախկին մոդելների պնդումները, թե ժամանակին կապի մեջ են եղել Թրամփի հետ, հետո նրանից գումար ստացել` լռության դիմաց: Կոնգրեսականներին էլ նախագահի անցյալի մութ էջերից առավել ներկան է հետաքրքրում` դեմոկրատներն էլ փորձում են պարզել` արդյո՞ք մեծահարուստ նախագահը պաշտոնավարման ընթացքում չի չարաշահել դիրքը, ո՞ր երկրից է պարտք ու վարկ վերցրել, և արդյո՞ք դրա արդյունքում չի հայտնվել նրանց ազդեցության տակ:

Այս հարցերի պատասխանները, այդուհանդերձ, ոչ կոնգրեսականները, ոչ դատախազությունը, ոչ էլ հանրությունը չեն ստանա առնվազն մինչև նոյեմբեր` նախագահական հաջորդ ընտրություններ: Ավելին, չի բացառվում, որ դատական գործընթացը` նոր բողոքարկումներով ու միջնորդություններով, կշարունակվի ևս մի քանի տարի: Հենց դա է պատճառը, որ մի շարք փորձագետներ համոզված են` Գերագույն դատարանի որոշումը իրավաբանական տեսանկյունից կորուստ էր Թրամփի համար, քաղաքական առումով` հաղթանակ: