Աշխարհում COVID-19 դեպքերի թիվն անցավ 12 միլիոնը

COVID-19 հիվանդության մասին նախազգուշացնող ցուցանակներ, Ատլանտա, ԱՄՆ, 1 հուլիսի, 2020թ.

Նոր կորոնավիրուսով վարակվածներթի թիվն աշխարհում գերազանցել է 12 միլիոնի շեմը, մահացել է ավելի քան 550 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 7 միլիոն հիվանդ։

Վարակի տարածման և մահացության ցուցանիշով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ, ըստ Johns Hopkins-ի համալսարանի հրապարակած ամփոփագրի, հիվանդների թիվն անցել է 3 միլիոնը, մահացել է մոտ 132 հազար մարդ։

Առավել տուժած նահանգը Նյու Յորքն է՝ ավելի քան 400 հազար ախտահարում և ավելի քան 32 հազար զոհ։

100 հազարից ավելի ախտահարումներ են Կալիֆորնիայում, Ֆլորիդայում, Տեխասում, Նյու Ջերզիում, Իլինոյսում, Մասաչուսեթսում, Արիզոնայում և Ջորջիայում։

Ամերիկյան հիվանդանոցների վիճակի, կտրուկ աճ գրանցած գործազրկության և վիրուսի դեմ պայքարի հետ կապված տնտեսական ու սոցիալական այլ հարցերի շարքում աստիճանաբար հրատապ է դառնում նաև նոր ուսումնական տարվա թեման։

Արդյո՞ք անվտանգ է դպրոցների աշխատանքի վերսկսումը։ Այս նոր պայմաններում ի՞նչ միջոցներ են անհրաժեշտ ուսուցիչների և աշակերտների առողջությունն ապահովելկու համար։

ԱՄՆ-ում նախնական և միջնակարգ կրթության հարցերը, որպես կանոն, տնօրինում են նահանգային իշխանությունները, բայց դաշնային իշխանությունն էլ որոշ օգնություն է տրամադրում։

Նախագահ Դոնալդ Թրամփի Թվիթերում մի շարք գրառումներ է տեղադրել՝ պահանջելով չհետաձգել ուսումնական տարվա մեկնարկը և դաշնային օգնությունից զրկել պահանջն անտեսող նահանգներին։

Նախագահի թվիթերյան սպառնալիքներին արձագանքել է Կալիֆորնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը։

«Ինձ չեն վախեցնում այդ գրառումները, կարող եմ ներկայացնել արդեն սրտխառնոց առաջացնող բազում փաստարկներ, որոնք թույլ են տալիս ասել, որ դա չէ մեր համար կարևոր խնդիրը։ Իսկ այն, ինչն իսկապես կարևոր է, շատ հստակ է՝ մենք դպրոցների աշխատանքը պետք է վերսկսենք հիմնարար սկզբունքներով, դրանց շուրջ բանակցություններ չեն լինի։ Մենք պարտավոր ենք ապահովել դպրոցների անվտանգությունը, միայն դրանից հետո է հնարավոր սկսել ուսումնական տարին», - ասել է Կալիֆորնիայի նահանգապետը՝ հորդորելով նահանգի բնակիչներին հետևել վիրուսից պաշտպանվելու տարրական կանոններին։

«Կոչ եմ անում ձեզ անել այն, ինչը հիմնարար է այս պահին․ կրեք դիմակներ, պահպանեք սոցիալական հեռավորությունը, հնարավորինս հաճախ լվացեք ձեռքերը, լավ մնացեք, վաղը կհանդիպենք», - տեսաուղերձում ասել է Գավին Նյուսոմը։

Կորոնավիրուսի թեման հիմա առանցքային տեղ ունի նաև նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում։

Թրամփը ցանկանում է աշխուժացնել տնտեսությունը, հանրային հավաքներ է կազմակերպում։

Թալսայում (Օկլահոմայի նահանգ) հունիսի 20-ին տեղի ունեցավ Թրամփի նախընտրական հանդիպումը, քաղաքի առողջապահության վարչության տնօրեն դոկտոր Բրյուս Հարթի փոխանցմամբ, հավաքն անհետևանք չի անցել։

«Երկու շաբաթ անց Թալսայում գրանցվել է ախտահարումների գրեթե 500 նոր դեպք։ Կարծում եմ, հանրային հավաքներն են պատճառը», - ասել է դոկտոր Հարթը։

Թրամփի նախընտրական թիմի խոսնակ Թիմ Մարթաֆն ասել է, որ այդ հանդիպման բոլոր մասնակիցները նախապես ջերմաչափվել են, ամենուր տեղադրված են եղել ախտահանիչ նյութեր։

Նա պնդում է, որ այդ հավաքը վիրուսի հետ կապելու և բացասական երանգով լուսաբանելու պատճառը Թրամփի հանդեպ մամուլի կողմնակալության հետևանքն է։

Համավարակի դեմ Ամերիկայի պայքարը ձախողված է համարում նաև Թրամփի հավանական մրցակից, նախկին փոխնախագահ, դեմոկրատական Ջո Բայդենը։

«Ժողովուրդ, սա ամենաահավոր մրրիկն է, որը մենք տեսել ենք մեր կյանքում։ Ավելի քան 130 հազար զոհ, մահ կորոնավիրուսից։ Կոլումբիայի համալսարանի մասնագետների համոզմամբ, եթե ամիսներ առաջ Թրամփը գոնե մեկ շաբաթ ավելի վաղ սկսեր համավարակի դեմ գործողությունները, զոհերի թիվը կլիներ 36 հազար, գուցե ավելի քիչ։ Թրամփը ոչինչ չի փոխել, համավարակը շարունակվում է և դեռ սաստկանալու է, ես քիչ առաջ եմ ավարտել մեկ և կես ժամ տևած հեռախոսազրույցն առաջատար բժիշկների հետ, նրանք էլ հայտնել, թե դեռ ինչ է լինելու», - ասել է Բայդենը։

Johns Hopkins-ի համալսարանի տվյալներով, ԱՄՆ-ում գրանցվել է հերթական մտահոգիչ ռեկորդը՝ մեկ օրում 60 հազար նոր ահխահարում։