Թուխիկյան․ Որևէ ծրագիր չի կասեցվել, պարզապես որոշ ծրագրեր առկախվել են մի քանի ամսով

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյան

Վերջին շաբաթների ընթացքում գրական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ թե' սոցցանցերում, թե' լրագրողների հետ հարցազրույցներում իրենց մտահագությունը, հաճախ նաև վրդովմունքն են արտահայտում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության այն որոշման դեմ, որով այս տարի կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը:

Այդ ծրագրով ֆինանսական աջակցություն էր ցուցաբերվում արտասահմանյան հրատարակչություններին՝ թարգմանաբար հայ գրականություն հրատարակելու: Ծրագրի իրականացան համար նախատեսված գումարը նախարարությունը ուղարկել է կառավարության պահուստային ֆոնդ՝ համավարակով պայմանավորված:

Մշակույթի գծով փոխնախարար Նարինե Թուխիկյանը «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց, որ հաջորդ տարի ծրագիրն անպայման կրկին ուժի մեջ կմտնի. – «Նախ պիտի ասեմ, որ ամբողջ հարցը մանիպուլյալցված է, որովհետև որևէ բան չի կասեցված, պարզապես առկախվել է 5-6 ամսով, հայտնի պատճառներով: Այն բոլոր գումարները, որոնց դեռևս պայմանագրեր չկային և ֆինանսավորում չէր բացված, էդ գումարները հետ են գնացել համավարակի իբրև նպաստամատույց: Եվ մեր մի քանի ծրագրեր, որոնք դեռևս չունեին այդ պայմանագրային հիմնավորումները և ֆինանսները բացված չէին, դրանք հետ են գնացել` ոչ նյութական, մշակութային ժառանգության պահպանման միջոցառումների, աջակցություն գրականության հանրահռչակման, գրական ծրագրերի, գրքի միջազգային ցուցահանդեսների մասնակցության, թարգմանական ծրագրեր, աջակցություն ստեղծագործողներին և հետազոտողներին: Սրանք կասեցվել են մինչև 2021 թիվը, այսինքն` ընդամենը մի քանի ամիս: Եվ ընդհանուր առմամբ 47 միլիոն մոտավորապես գումար` էս ծրագրերի, դրանք հետ են գնացել բյուջե: Որևէ բան չի փակվել, որևէ հայտ, որ մենք այս տարի արդեն իսկ ստացել ենք, դրանք յոթն էին թարգմանական առումով, և հանձնաժողովը դրանք առանձնացրել էր, որպես առաջնահերթ թարգմանության գրքեր, գրական ստեղծագործություններ, դրանք կշարունակվեն հունվար-փետրվար ամսից»:

Թուխիկյանը հայտարարեց, որ այդ առումով մտահոգվելու պատճառ չկա. – «Ես մի բան եմ հասկացել էս ամիսների ընթացում, որ մի փոքր թեմա է պետք, որպեսզի այդ թեման շրջվի այնպես, ինչպես դա ոմանց ձեռնտու է, և սկսեն պախարակել մյուսներին, կամ կառույցը: Սա է խնդիրը: Իսկ ամբողջ նախարարության մասշտաբով շատ-շատ մեծ թվեր են հետ գնացել: Եվ սա ասում եմ այն ոլորտը, որ իմ համակարգման ներքո է: Այն ծրագրերը, որ հիմա առկախվել են, դրանք «կվերակենդանանան» 2021 թվականի սկզբից»: