Նախագահ. Եթե ունենայի իրավունք՝ գույքահարկին առնչվող օրենքը հետ ուղարկել ԱԺ, կանեի

Հարկային օրենքները շատ զգայուն են, և ցանկացած հարկային օրենք պետք է բազմակողմանի քննարկվի, վերլուծվի, անդրադառնալով օրենսդրության մեջ կատարված՝ գույքահարկին վերաբերող փոփոխություններին՝ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

«Գույքահարկը կապված է մնացած հարկերի հետ: Այն, որ պետությունը պետք է մտածի և զարգացնի մեր հարկային օրենսդրությունը, որևէ կասկած չկա, մարդիկ, ովքեր ավելի մեծ հարստություն ունեն, պետք է ավելի շատ հարկ վճարեն», - նախագահի աշխատակազմի փոխանցմամբ ասել է Արմեն Սարգսյանը` միաժամանակ նկատելով, որ օրենքներն ունեն նաև սոցիալական, հոգեբանական ազդեցություն: «Գույքահարկին վերաբերող օրենքը խոսում է նաև շատ այլ խնդիրների մասին: Օրինակ՝ եթե Երևանի կենտրոնում ապրող դոցենտն իր բնակարանը ժառանգություն է ստացել իր հայտնի ակադեմիկոս պապիկից, ապա այս պարագայում ի՞նչ պետք է անի՝ վաճառի՞ բնակարանը և տեղափոխվի քաղաքի ավելի հեռավոր մասեր: Հնարավոր է՝ նա վաճառի իր բնակարանն ու լքի Հայաստանը՝ իր հետ տանելով ակադեմիկոսի արխիվն ու պատմությունը և, ընդհանրապես, Երևան քաղաքի և մեր ժողովրդի պատմության մի կտորը:

Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են, մեր երկիրը, մշակույթը, մեր քաղաքը: Շատ զգույշ պետք է լինել: Մեզ համար բարձրագույն արժեք պետք է լինի մարդը, որը ստեղծում է նաև մշակույթ և միջավայր:

Այդ օրենքը դրված է իմ սեղանին: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան, որովհետև Սահմանադրության հետ խնդիր չունի: Ինձ մնում է ստորագրել օրենքը և կցել հայտարարություն: Ես հենց այդպես էլ արեցի՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները:

Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկել Ազգային ժողով, կանեի՝ նշելով, որ այս-այս պատճառներով պետք է օրենքում կատարվեն փոփոխություններ: Առավել ևս, եթե ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի», - ասել է նա սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպմանը: