Երեխայի ծննդյան աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները

Նորածիններ երևանյան ծննդատանը, արխիվ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով Կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում։

Ըստ այդմ, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, առաջարկվում է սահմանել, որ միանվագ դրամական աջակցության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները։ Այս դեպքում աջակցության չափը սահմանվում է փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային՝ հերթական փուլի) 10 տոկոսը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս։ Պահպանվում են պետական աջակցության գումարի առավելագույն չափերը՝ 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար 500 հազար դրամ, միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը (ներառյալ՝ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար սահմանված հավելումը)՝ 2 մլն դրամ, իսկ մինչև 30 տարեկան շահառուի դեպքում՝ 2.6 մլն դրամ։

Գործադիրը հաստատել է նաև ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը: